Բոլոր նրանք, որ գժտված են եղել ընտանիքի անդամի, հարազատի հետ, անպայման հաշտվել են Վարդավառին
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 27, 24News

Հայ Առաքելական Եկեղեցին այսօր նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը։
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու տաղավար տոներից երրորդը Հիսուս Քրիստոսի Պայծառակերպությունը կամ Վարդավառն է: Եկեղեցական կարգի համաձայն՝ տոնն ունի շաբաթապահք, նավակատիք, մեռելոց: Կատարվում է նաև Անդաստանի կարգ:
Վարդավառը մշտապես կենսունակ և տարածված է եղել ոչ միայն Հայաստանում, այլ նաև այն գաղթօջախներում, որտեղ հայերն ապրել են:
Տոնի հարուստ ծիսահամալիրում իրենց կանոնակարգված տեղն են ունեցել հոգևոր և աշխարհիկ ուրախությունները, որոնք փոխլրացրել են միմյանց և լիարժեք դարձրել այն: Ժողովուրդն իմաստավորել է այդքան սպասված միասնական տոնախմբությունը՝ նախ և առաջ հոգ տանելով հոգևոր միասնականության և խաղաղության մասին: Բոլոր նրանք, ովքեր գժտված են եղել ընտանիքի անդամի, հարազատի կամ դրկիցի հետ, անպայման հաշտվել են, այլապես ուխտն ընդունելի չի լինի, Սուրբ Պատարագի մասնակցել և հաղորդվել չէր թույլատրվի, կարժանանային համայնքի պարսավանքին:
Վարդավառը հիմնականում նշում են բացօթյա՝ ուխտավայրերում և գետերի, աղբյուրների ակունքների մերձակայքում: Վարդավառյան նշանավոր ուխտավայրերից են Ջնջռլու Սբ. Հովհաննես վանքը (Արարատի մարզ), Հովհաննավանքը (Արագածոտնի մարզ), Իշխանավանքը (Գեղարքունիքի մարզ), Անգեղակոթի Սբ. Վարդան Զորավար եկեղեցին (Սյունիքի մարզ), Մակարավանքը (Տավուշի մարզ), Սառնազբյուրի Զաղա կամ Սբ. Գրիգոր Լուսավորիչ սրբատեղին (Շիրակի մարզ), Ղալթաղչի Սբ. Հովհաննես մատուռը (Լոռու մարզ) և այլն:
Հարուստ են Վարդավառի խաղային ավանդույթները: Խաղերն ուղեկցվելով երգ ու երաժշտությամբ, ավանդական կենցաղում ապահովել են տոնի ուրախ մթնոլորտը: Ուխտավայրերում կազմակերպվել են ձիարշավներ, գոտեմարտեր, ըմբշամարտեր, փայտախաղեր: Մրցել են ինչպես անհատներ, այնպես էլ համայնքներ: Հաղթողները մեծարանքով են հիշվել ողջ տարվա ընթացքում: Անցկացվել են նաև աշուղական մրցություններ: Վարդավառին ամենաբնորոշ խաղը եղել է ջրցանությունը, որին մասնակցել են բոլորը: Նույնիսկ երեխաներին և տկարներին թեկուզ մի քիչ թրջվելուց անմասն չեն թողել՝ հավատալով վարդավառյան ջրի բժշկող և մաքրագործող զորությանը: