Հայաստան-Վրաստան սահմանային անցակետերի արդիականացման ծրագրի շրջանակում աշխատաժողով է անցկացվել
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 25, 24News

Ասիական զարգացման բանկի հետ համատեղ իրականացվող հայ-վրացական սահմանային անցակետերի արդիականացման և համատեղ օգտագործման սահմանային անցակետերի ներդրման ծրագրի շրջանակում, ՊԵԿ նախագահի տեղակալ Ռաֆայել Գևորգյանի գլխավորությամբ
Երևանում տեղի է ունեցել եռակողմ աշխատաժողով։ Այս մասին հայտնել են ՊԵԿ-ից:
Աշխատաժողովին մասնակցել են Հայաստանի և Վրաստանի մաքսային և սահմանապահ հսկողություն իրականացնող մարմինների, ինչպես նաև Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչները։
Հանդիպման ընթացքում քննարկվել են ծրագրի իրականացման ընթացքը, խնդիրները և սահմանվել հետագա անելիքները։ Կողմերն անդրադարձել են համատեղ օգտագործման սահմանային անցակետերի՝ միջազգային պրակտիկայում կիրառվող հիմնական մոդելներին՝ գնահատելով դրանց առավելություններն ու հնարավոր սահմանափակումները՝ ելնելով հայ-վրացական սահմանային անցակետերի աշխարհագրական դիրքից, ենթակառուցվածքային հնարավորություններից և գործող օրենսդրական կարգավորումներից։
Քննարկումների արդյունքում ընտրվել է հայ-վրացական սահմանին գտնվող այն անցակետը, որտեղ նախատեսվում է նախագծել համատեղ սահմանային անցակետի ներդրման պիլոտային ծրագիրը։
Միաժամանակ, ձեռք է բերվել պայմանավորվածություն շարունակել եռակողմ աշխատանքները՝ ներառյալ բիզնես գործընթացների վերլուծությունը, կողմերի համար առավել ընդունելի մոդելի ինժեներատեխնիկական նախագծումը, ինչպես նաև սահմանային հսկողության ընթացակարգերի ներդաշնակեցման համար անհրաժեշտ քայլերի մշակումն ու իրականացումը։
Հայաստանի Հանրապետության և Վրաստանի կառավարությունների միջև 2013 թվականին կնքված՝ ցամաքային մաքսային կետերի համատեղ օգտագործման մասին համաձայնագրին համապատասխան ստեղծված հայ-վրացական Համատեղ կոմիտեի նախագահների կողմից հանդիպման ընթացքում ստորագրվել է նաև համատեղ աշխատանքային խումբ ստեղծելու մասին որոշում՝ հաստատելու համար այն նպատակներն ու գործունեության սկզբունքները, որով պետք է առաջնորդվեն կողմերը՝ համատեղ օգտագործման սահմանային անցման կետերի ներդրման աշխատանքների համակարգման շրջանակում։
Հանդիպման ավարտին կողմերը բարձր են գնահատել ծրագրի շրջանակում մինչ այժմ իրականացված աշխատանքների արդյունավետությունը՝ վերահաստատելով համագործակցության պատրաստակամությունը և արձանագրել փոխգործակցության հետագա օրակարգն ու անհրաժեշտ անելիքները։
–00—ՍՊ