Խանասորի արշավանքն Արցախ աշխարհի ծնունդ, գիտնական և վրիժառու ֆիդայապետ Նիկոլ Դումանի մտքի ծնունդն էր

25/07/2025 23:10 Ներքին կյանք

 

Քաղաքագետ Էդգար Էլբակյանն անդրադարձել է Խանասորի արշավանքի 128-րդ տարեդարձին․

«1897 թ․ այս օրը՝ հուլիսի 25-ին, «կարկուտ տեղաց Խանասորա դաշտումը»։ Դաշնակցական ֆիդայիները, այսօրվա բառերով ասած՝ երկու վաշտի կազմով, պարսկաօսմանյան սահմանին ռազմավարական պատժիչ գործողություն իրականացրին քրդական մազրիկ ցեղի դեմ։ Դրանից մեկ տարի առաջ այդ ցեղն ուխտադրժորեն հարձակվել էր Վանից խաղաղ կերպով դեպի Պարսկաստան նահանջող հայ ժողովրդի վրա և կոտորել մեծ մասին։

Մեկ ժամվա մեջ մազրիկ ցեղի գրեթե ամբողջ արական բնակչությունը ոչնչացվեց։ Ֆիդայիների շրջանում կորուստները փոքրաթիվ էին։ Արշավանքն այնքան տպավորիչ էր, որ ընդհանուր առմամբ պրոհայ, բայց հայության մասին անգլոթուրքական բացասական քարոզչության տպավորությունները կրող անգլիացի թղթակիցը Լոնդոն ուղարկած նյութի մեջ գրել էր, որ հայերին պետք է որ օգնած լինեն ռուսական բանակի մասնագետ սպաները։ Իսկ մեկ այլ՝ գերմանացի թղթակից, ֆիդայիների կարգապահությունը համեմատել էր պրուսական գնդերի կուռ շարքերի հետ։

Խանասորի պատժիչ արշավանքից հետո քրդերը որոշ չափով փոխեցին հայության հանդեպ վերաբերմունքը։ Նրանք սկսեցին հավատալ, որ ֆիդայիները հին հայկական «թոռունների» (իշխաններ) ժառանգներն են և ավելի զուսպ դարձան իրենց հակահայկական դրսևորումներում։ Նույնիսկ ոչնչացված ցեղի պետ Շարաֆ բեկը հետագայում փորձեց բարիդրացիական հարաբերություններ հաստատել ՀՅԴ և հայության հետ։

Խանասորի արշավանքն Արցախ աշխարհի ծնունդ, գիտնական և վրիժառու ֆիդայապետ Նիկոլ Դումանի մտքի ծնունդն էր։ Արշավանքի հրամանատարն էր նրա համագյուղացի Վարդանը, որ այդ օրվանից մինչ օրս կոչվեց Խանասորի Վարդան, իսկ փոխհրամանատարը՝ Դաշնակցության նահապետներից, Լոռվա իշխանական ծագում ունեցող Հովսեփ Արղությանը (Իշխան)։

Պատմական այս դեպքերն իր արտահայտությունն է գտել մի շարք երգերում, որոնցից առավել հայտնի են «Կարկուտ տեղաց», «Դաշնակցության վեհ քաջերը», «Մենք անկեղծ զինվոր ենք», «Ագուլիսցի քաջ պատանի», «Գարահիսար» ստեղծագործությունները։

Խանասորի արշավանքին նվիրված զույգ երգերը՝ ընդարձակ բնագրային ճշգրտությամբ, կարող եք լսել նվաստիս կատարմամբ»։