«Մեզ հարկավոր է շարունակ կրթվել, մարտահրավերներ կան». Վահագն Խաչատուրյան

25/07/2025 19:50 Ներքին կյանք

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը «Սևան ստարտափ համաժողով 2025»-ի շրջանակում մասնակցել է ԲՏԱ նախարարության նախաձեռնած «Կառավարության օր» միջոցառմանը և հանդես է եկել «Նորարարական կառավարում. ապագայի լուծումները» խորագրով ծրագրային ելույթով: Միջոցառմանը ներկա էին կառավարության անդամներ և ՀՀ-ում հավատարմագրված մի շարք դիվանագիտական հաստատությունների ներկայացուցիչներ։

Իր ելույթում նախագահը նշել է. որ առաջին անգամ Սևան սրտարտափ համաժողովի կազմակերպիչների հետ առիթ է ունեցել հանդիպել դեռ 2021 թվականին, երբ լինելով ԲՏԱ նախարար՝ ղեկավարում էր ոլորտը, և այն, ինչ տեսավ այսօր, իրականում, իր իսկ գնահատմամբ, չէր կարող պատկերացնել մասշտաբային առումով։

«Հատկապես երիտասարդության մասնակցությամբ բաց քննարկումների միջավայրում վստահաբար կարելի է հասնել ավելի մեծ արդյունքի։ Կարելի է քննարկել հնարավորությունների օգտագործման հարցը նաև COP-17-ի անցկացման շրջանակում։ Վարչապետի և կառավարության գործընկերների անունից կարող եմ հավաստել, որ իրականացվող ծրագրերն ու այն ապագան, որ մենք պատկերացնում ենք, առանց ժամանակակից տեխնոլոգիական ձեռքբերումների հնարավոր չէ։ Որքանով պետությունը կարող է մասնակից և օգտակար լինել․ սա է ամենակարևոր հարցը։ Ընդհանուր առմամբ տնտեսության զարգացման գործում բոլոր ժամանակներում ամենից շատ հետաքրքրող հարցն այն է, թե որտեղ պետք է լինի պետությունը։ Ժամանակակից տեխնոլոգիական դարաշրջանում, հատկապես հիմա առավել կարևոր է դառնում այն, թե պետությունը, որտեղ է դիրքավորվում, ուստի լավագույն լուծումը պետության և մասնավոր սեկտորի սերտ համագործակցությունն է»,- ասել է նախագահը։

Վահագն Խաչատուրյանը հավելել է, որ լավագույն լուծում է այն, թե որտեղ է բիզնեսը տեսնում պետության անելիքը, քանզի պետությունը մի քիչ ավելի կամ մի քիչ պակաս կարող է նույնիսկ օգտակար չլինել։

«Մեզ բախտ է վիճակվել ապրել մի դարաշրջանում, որտեղ մեր շրջապատում ամեն ինչ շատ արագ, ամեն րոպե, ամեն վայրկյան փոխվում է։ Արագ փոփոխվող ժամանակաշրջանում մենք, որպես Հայաստանի Հանրապետություն, պետք է կարողանանք մեր տեղը գտնել։ Երբ նայում ենք 18-րդ դարի արդյունաբերական հեղաշրջման մեկնարկին, որը տեղի ունեցավ Եվրոպայում և շարունակվում է մինչ օրս, ապա տեսնում ենք, որ շահեցին այն երկրները, որոնք սկսեցին օգտագործել նոր տեխնոլոգիական ձեռքբերումները։ Այդ երկրները մինչ օրս գտնվում են մարդկության զարգացման առաջին շարքում։ Իսկ այն երկրները, որոնք չկարողացան համակերպվել և ընդունել փոփոխությունները, դրանք հետո կամ ընդհանրապես դուրս մնացին մարդկության զարգացման ուղղուց, կամ միացան շատ ավելի ուշ։ Վերջիններս իրականում հասկացան, որ առանց տեխնոլոգիական առաջնահերթությունների որևէ զարգացում հնարավոր չէ»,- նշել է նախագահը։

Հանրապետության նախագահի խոսքով՝ երբ հայկական կողմը սահմանում է իր առաջնահերթությունները, հստակեցնում էր, թե որն է Հայաստանի ապագան, և ինչ խնդիրներ պետք է լուծի ՀՀ կառավարությունը։

«Երբ 5-10 տարի առաջ քննարկում էինք մեր երկրի զարգացման ծրագրերը, առաջնահերթություն էր տրվում ճյուղային ոլորտներին, բայց այժմ մոտեցումը փոխվել է։ Առաջին հերթին կարևորվում է նորագույն տեխնոլոգիաների ներդրումը բոլոր բնագավառներում։ Այս մոտեցումը բոլորիս բերել է այն համոզման, որ առանց տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման ոչ մի երկիր, այդ թվում՝ Հայաստանը չի կարող առաջընթաց ապահովել։ Քննարկումները ցույց են տալիս, որ մեր լրջագույն խնդիրը հանգում է կրթությանը, գիտելիքին։ Այսօրվա միջոցառումը կարևոր է հենց այս առումով»,- նշել է նախագահը։

Նրա կարծիքով՝ շատ կարևոր է համապատասխան ուսուցանումը։ Համաժողովի մասնակիցների թվում կան բազմաթիվ անձինք, ովքեր գիտակ են, հաջողակ և իրենց փորձով կարող են կիսվել սկսնակների հետ, ինչը վստահաբար օգտակար կլինի։

«Մեր մարդկային և կրթական ներուժն ուսումնասիրելիս պարզ է դառնում, որ առաջիկայում ամենամեծ մարտահրավերը հենց դա է լինելու, ուստի մեզ հարկավոր է շարունակ կրթվել։ Պետք չէ ընդհանրապես վախենալ ոչ մի նորարարությունից։ Մարդկության ամենամեծ խնդիրն այսօր արհեստական բանականությունն է, որը գուցե շատ վախենալու է, որովհետև չենք տեսնում և չենք շոշափում, բայց երբ հետևում ենք մարդկության պատմությանը հատկապես արդյունաբերական հեղաշրջումից հետո, ապա այն ժամանակ էլ մարդիկ շատ դժվար էին համակերպվում առաջընթացին։ Շատ կարևոր է այն ընկալումը, որ մարդկության ապագա զարգացումն առանց արհեստական բանականության չի լինելու։ Այն մարտահրավերները, որոնք ի հայտ է բերել արհեստական բանականությունը, պետք է անպայման լուծումներ գտնեն»,- մանրամասնեց Խաչատուրյանը։

Նախագահ Խաչատուրյանի խոսքով՝ լուծում գտնողները նրանք ենք, ովքեր հավաքվել են տվյալ համաժողովում։ Նրանք պետք է ամեն ինչ ներկայացնեն մատչելի և ընկալելի լեզվով։ Ըստ ՀՀ նախագահի՝ ներկա դարաշրջանի երկրորդ առանձնահատկությունն այն է, որ ինֆորմացիան դարձել է ինքնատիպ արտադրանք, որն իր գինն ունի, սակայն այդ ինֆորմացիան ստանալու համար նախևառաջ պետք է լինեն համապատասխան ենթակառուցվածքներ, ուստի պատահական չէ, որ ՀՀ-ն, որպես պետություն, այդ ենթակառուցվածքների ստեղծմամբ է զբաղվում, ինչը ենթադրում է գերհզոր համակարգիչների, էներգետիկ հզորությունների ստեղծում, առնաց որոնց ՏՏ ոլորտի հետագա զարգացում չի լինի։

«Սովորաբար միայն ՀՆԱ-ի ներկայացումը բավարար չէ, շատ կարևոր է, թե դա ինչպես է ստացվում և ինչպես է ազդում մարդկանց վրա։ Ժամանակակից մեթոդները պետք է կիրառվեն նաև պետական ինստիտուտների աշխատանքներում։ Որպես սպառողներ՝ պետք է ընդունենք ինստիտուտների հետ կապված փոփոխությունները մեր հանապազօրյա աշխատանքում։ Հիմա հասել ենք այն հանգրվանին, որ երեք կարևոր գործոնների՝ կրթության, տեղեկատվական տեխնոլոգիաների և պետական ինստիտուտների ներդաշնակ համադրությունն է Հայաստանի ապագան։ Այս ամբողջ շաբաթը մենք ապրում ենք Սևան ստարտափ համաժողովով, և այն, ինչից կազմակերպիչները սկսել են 2016 թվականին, միանշանակ է, որ նրանց գաղափարները բոլորիս առաջ են տանելու և նպաստելու են պետության զարգացմանն ու վարքագծի, ընկալումների փոփոխությանը։ Ամեն ինչ պետք է անենք՝ առաջադեմ տեխնոլոգիաներից հեռու չմնալու համար»,- եզրափակել է Հանրապետության նախագահը։