«Պետությունը որդեգրել է զրո հանդուրժողականություն կոռուպցիայի նկատմամբ գաղափարը»․ Գալյան
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 25, 24News

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հանդիպել է «Իրավունքի ամառային դպրոց» 2025 կրթական ծրագրի ուսանողներին և հանդես եկել բանախոսությամբ։
Նախարարը ներկայացրել է արդարադատության ոլորտում իրականացվող բարեփոխումները, մասնավորապես՝ անդրադարձել է կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ տարվող աշխատանքներին։ Սրբուհի Գալյանը շեշտել է, որ պետությունը որդեգրել է զրո հանդուրժողականություն կոռուպցիայի նկատմամբ գաղափարը:
Հանդիպման ընթացքում նախարար Գալյանը պատասխանել է նաև ուսանողների հարցերին՝ անդրադառնալով Սահմանադրական բարեփոխումների ընթացքին, Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի գործունեությանը և գործառույթներին, ինչպես նաև Եվրամիության հետ վիզաների ազատականացման գործընթացին և Հայաստանի՝ միջազգային պարտավորությունների շրջանակում ստանձնած առաքելությանը։
Նախարարը շնորհակալություն է հայտնել ուսանողներին՝ «Իրավունքի ամառային դպրոց» 2025 ծրագրին ցուցաբերած հետաքրքրության և մասնակցության համար՝ ընդգծելով․
«Համոզված եմ, որ այս ծրագրի շրջանակում ստացած գիտելիքները և հմտությունները կնպաստեն ձեր մասնագիտական կայացմանը և Հայաստանի իրավական համակարգի հետագա զարգացմանը»։
–00—ՍՊ