Արհեստական բանականությունն օգտագործվում է քաղաքային կառավարման գրեթե բոլոր ոլորտների պլանավորման մեջ
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 25, 24News

Ինովացիան տեղի չի ունենում միայն փոքր ստարտափներում կամ տեխնոլոգիական ընկերություններում, դրա կարիքը կա նաև քաղաքներում, հետևաբար 2022 թվականից սկսած Երևան քաղաքը հենց այդ առումով է մոտեցել իր բոլոր հարցերին։
«Արմենպրես»-ի հետ զրույցում այդ կարծիքը հայտնեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ով մասնակցում էր Սևան ստարտափ համաժողովի պանելային քննարկումներից մեկին։
«Դեռ 2022 թվականին մենք մեծ տրցակներով թղթեր էինք տեղափոխում քաղաքապետարանի երկար սրահներում, բայց այժմ ունենք բոլորովին այլ պատկեր։ Այդ առումով ունենք մի քանի կարևոր ձեռքբերումներ։ Առաջին հերթին, խոսքը վերաբերում է մեր թվայնացված ծառայություններին, որոնք այսօր փաստացի գործում են օնլայն հարթակում, և մեկ պատուհան ասելով՝ մենք արդեն հասկանում ենք ոչ թե ֆիզիկական դիմումներ ընդունելու վայր, այլ ընկալում ենք օնլայն «YES» (Yerevan electronic services) հարթակը, որով յուրաքանչյուր երևանցի կարող է մտնել ու շատ պարզ ձևով իդենտիֆիկացնել իրեն՝ ուղղակի իր լուսանկարը տալով մեր արհեստական բանականությանը, որը նրան իդենտիֆիկացնելով՝ կտա նրա հետ կապված բոլոր տվյալները, այդ թվում՝ աղբահանության, անշարժ և շարժական գույքի հետ կապված պարտքերը։ Նույնը արվում է նաև ընկերությունների հետ կապված»,- նշեց Ավինյանը։
Նա հավելեց, որ Երևանի քաղաքապետարանից որևէ ծառայություն ստանալու համար հիմա արդեն իսկ գործող «YES» հարթակն ամբողջապես հասանելի է բոլորին, ովքեր չեն ցանկանում ֆիզիկապես գալ քաղաքապետարան որևէ դիմումի համար։
«Երկրորդ շատ կարևոր ձեռքբերումը մեր «Ակտիվ քաղաքացի» հարթակն է, որը բոլոր երևանցիներին (և ոչ միայն) հնարավորություն է տալիս մասնակցել քաղաքի կառավարմանը, մասնավորապես մեզ՝ Երևանի քաղաքապետարանին մատնացույց անել այն խնդիրները, որոնք իրենք են նկատել մայրաքաղաքում։ Այս պահի դրությամբ՝ միջինը 1-1,5 օրվա ընթացքում լուծվում են հարցերը, և մարդիկ հենց այդ օնլայն հավելվածի՝ «Ակտիվ քաղաքացի» հարթակի միջոցով ուղարկելով խնդիրը՝ նշված ժամանակահատվածում ստանում են նաև իրենց խնդրի լուծումը։ Բայց որ ամենակարևորն է, ինչի մասին մենք շատ քիչ ենք խոսել, մեր ամենամեծ ձեռքբերումը «Ջի Այ Էս» համակարգի ներդրումն է»,- նշեց Երևանի քաղաքապետը։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
–00—ՅՄ