ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանն այցելել է Գեղարքունիքի մարզի մի շարք բնակավայրեր, ծանոթացել ծրագրերին
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 25, 24News

Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին այցելել է Գեղարքունիքի մարզի մի շարք բնակավայրեր, ծանոթացել տեղում իրականացվող տարաբնույթ ծրագրերի ընթացքին, այս մասին Ֆրանսիայի դեսպանը նշել է X-ի իր միկրոբլոգում։
«Այց Գեղարքունիքի մարզի Ծաղկունք գյուղի դիսպանսեր, որը վերանորոգվել է «Բժշկական օգնություն և զարգացում» ֆրանսիական ՀԿ-ի կողմից՝ Գրենոբլ քաղաքի և Գեղարքունիքի մարզպետարանի աջակցությամբ։ Ֆրանսիայի և Հայաստանի միջև ապակենտրոնացված համագործակցությունը տարածվում է ողջ երկրով մեկ»,-ասված է դեսպան Դըկոտինյիի գրառման մեջ։
Ֆրանսիայի դեսպանը հայտնել է նաև Խաչաղբյուր համայնք կատարած այցի մասին. հաջորդ հրապարակումը նվիրված է հայ միգրանտներին, որոնք կամավոր վերադարձի օգնություն են ստանում Ֆրանսիայի ներգաղթի և ինտեգրման գրասենյակից։ «Ֆրանսիայի ներգաղթի և ինտեգրման գրասենյակի (OFII) աջակցությամբ նրանք վերադարձել են Հայաստան և գյուղում սկսել զբաղվել տնտեսական գործունեությամբ»,- նշել է Օլիվիե Դըկոտինյին։
Դեսպանը Խաչաղբյուրում ներկայացրել է կով կթելու իր փորձառությունը. «Ծանոթացա կով կթելու տեխնիկային տիկին Գալստյանի և նրա կովի՝ Սոնայի հետ, որը ձեռք է բերվել Ֆրանսիայի ներգաղթի և ինտեգրման գրասենյակի (OFII) աջակցությամբ՝ սատարելու նրա (տիկին Գալստյանի-խմբ.) հայրենիք վերադարձը»։
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը ներկա է գտնվել նաև «Սևան Ստարտափ Սամմիթ 2025»-ին։
–00—ՅՄ