Քննարկվել են Հանրային խորհրդի ծրագրերը և հասարակական ներգրավվածության բարձրացման հնարավոր ուղիները

24/07/2025 18:38 Ներքին կյանք

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հանրային խորհրդի նախագահ Արա Խզմալյանին։

Նախագահը կարևորելով հասարակության և իշխանության միջև կապի ամրապնդման գործում Հանրային խորհրդի դերակատարումը՝ նշել է, որ անհրաժեշտ է առավելագույնս օգտագործել այդ ինստիտուտի ներուժը՝ ընդլայնելով դրա կարողությունները, մեծացնելով ազդեցությունն ու հանրային տեսանելիությունը։ Նախագահի համոզմամբ՝ Հանրային խորհուրդը պետք է դառնա բաց, ընդգրկուն քննարկումների հարթակ՝ հանրությանը հուզող հարցերը բարձրաձայնելու և անհրաժեշտ երկխոսության ձևավորմանը նպաստելու համար։

Վահագն Խաչատուրյանը բարձր է գնահատել Արա Խզմալյանի փորձառությունն ու մասնագիտական կարողությունները՝ ընդգծելով, որ խորհրդի անդամներն իրենց հեղինակությամբ կարող են նպաստել հասարակական կարևոր հարցերի բարձրաձայնմանը։

Արա Խզմալյանը շնորհակալություն է հայտնել հանդիպման հնարավորության համար և ներկայացրել է խորհրդի առաջիկա անելիքներն ու գործունեության առաջնահերթությունները։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հանրային խորհրդի ծրագրերը և հասարակական ներգրավվածության բարձրացման հնարավոր ուղիները։

–00—ՅՄ