Կոտայքի մարզում առանց սեփականատիրոջ գիտության կտրվել է 55 մրգատու ծառ և ազնվամորու 20 թուփ
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 24, 24News

Հունիսի 29-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 13։10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի բաժնում տեղեկություն է ստացվել, որ հունիսի 26-ի ժամը 19։00-ից մինչև հունիսի 27-ի ժամը 17։00-ն ընկած ժամանակահատվածում Կոտայքի մարզի բնակիչ 41-ամյա Գագիկ Պ․-ին սեփականության իրավունքով պատկանող Առինջ գյուղի Ա թաղամասի 3-րդ փողոցի թիվ 30 հողամասում առանց վերջինիս գիտության կատարվել են հողահարթեցման աշխատանքներ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Գագիկ Պ․-ի կողմից որպես լիազորված անձ հանդիսացող Երևանի բնակիչ 32-ամյա Արտուշ Ե․-ն ոստիկաններին հայտնել է, որ այդ ամենի արդյունքում կտրվել է թվով 55 մրգատու ծառ, թվով 20 ազնվամորու թուփ, վերացվել է երկաթյա 15 հենարան, 50 մետր մետաղական ցանկապատի ցանց, երկաթյա դուռ և շրջանակ, տուֆ քարից 15 մետր քառակուսի պարիսպ և մոտ 10 բեռնատար ավտոմեքենայի չափով սև հող՝ պատճառելով մոտ 2 մլն 400 հազար դրամի վնաս։
Դեպքի փաստով ոստիկանության Կոտայքի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին։
–00—ՅՄ