Շարունակելու ենք ուշադրության կենտրոնում պահել սեռական բռնության ենթարկվածների իրավունքների հարցը

23/07/2025 16:37 Ներքին կյանք

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հուլիսի 23-ին բացման խոսքով է հանդես եկել «Վնասից դեպի արդարադատություն. սեռական բռնության գործերով դատական քննության բարեփոխման ուղենիշները Հայաստանում» թեմայով դատական մոնիթորինգի արդյունքների ներկայացման քննարկմանը։

Միջոցառումը կազմակերպվել էր «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն» հասարակական կազմակերպության կողմից։ Քննարկմանը մասնակցել են Ազգային ժողովի պատգամավոր Զարուհի Բաթոյանը, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների, դատական համակարգի, պետական մարմինների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ։

Քննարկման ընթացքում վերհանվել և քննարկվել են մի շարք համակարգային խնդիրներ, որոնց բախվում են սեռական բռնություն վերապրած անձինք Հայաստանի Հանրապետության արդարադատության համակարգի հետ առնչվելիս։

Հատուկ ուշադրություն է դարձվել դատական գործընթացներում միջազգային չափանիշների կիրառմանը և վերապրածների իրավունքների լիարժեք պաշտպանությանը։

Իր խոսքում Մարդու իրավունքների պաշտպանը նշել է, որ սեռական բռնություն վերապրած անձինք պետք է զգան, որ իրենք միայնակ չեն խնդիրների հաղթահարման ճանապարհին․ «Այսպիսի նախաձեռնությունները կարևոր դեր ունեն` ցույց տալու սեռական բռնություն վերապրած անձանց, որ իրենք միայնակ չեն խնդիրների հաղթահարման ճանապարհին։ Սրանք հարթակներ են, որոնք բարձրացնում են իրազեկվածությունը և խթանում համակարգային բարեփոխումները»։

Անդրադառնալով թեմայի զգայուն բնույթին՝ Անահիտ Մանասյանը շեշտել է․ «Զգայուն թեմաների մասին բարձրաձայնելը հաճախ արժանանում է ոչ միայն հանրային, այլև մասնագիտական շրջանակների կողմից թիրախավորման։ Սա մտահոգիչ ազդակ է, քանի որ վկայում է խորը համակարգային խնդիրների առկայության մասին։ Անհրաժեշտ է սեփական օրինակով ցույց տալ, որ նման հարցերը պետք է լինեն մարդու իրավունքների օրակարգային առաջնահերթություն»։

Պաշտպանը նաև կարևորել է ոլորտի դերակատարումը մարդու իրավունքների պաշտպանության ընդհանուր համակարգի զարգացման տեսանկյունից։ «Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ սեռական ոտնձգության, սեռական բռնության խնդրի ընկալման առումով նույնիսկ խորքային խնդիրներ կան։ Սա լրջորեն խոչընդոտում է բռնության կանխարգելման և վերապրածների աջակցման մեխանիզմների արդյունավետությունը։ Մեր երկրում մարդու իրավունքների կրթության տրամաբանությունն ու բովանդակությունը պետք է վերանայվեն, քանի որ առկա մոդելները հաճախ չեն համապատասխանում միջազգային չափանիշներին», – ընդգծել է Անահիտ Մանասյանը։

Նա հավելել է, որ խնդրի լուծման ճանապարհը միայն համատեղ, համակարգված աշխատանքն է․ «Մենք՝ որպես ինստիտուցիոնալ պաշտպանություն իրականացնող կառույց, շարունակելու ենք վեր հանել և պետական մարմինների ուշադրության կենտրոնում պահել սեռական բռնության ենթարկված անձանց իրավունքների պաշտպանության հարցերը։ Այս թեմաները ոչ միայն իրավական, այլ մարդկային ճակատագրերի վրա ազդող խնդիրներ են, որոնց լուծումը պետք է իրականացնել բարձր պրոֆեսիոնալիզմի և էթիկական ստանդարտների համադրմամբ»։

–00—ՅՄ