Հայաստանն աջակցում է Միջին Արևելքում և Աֆրիկայում խաղաղության հաստատմանն ուղղված Եգիպտոսի ջանքերին

23/07/2025 11:22 Ներքին կյանք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ Աբդ Ալ-Ֆաթթահ Ալ-Սիսիին ազգային տոնի՝ Հեղափոխության օրվա առիթով: Ուղերձում ասված է.

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Եգիպտոսի ժողովրդին Եգիպտոսի Արաբական Հանրապետության ազգային տոնի՝ Հեղափոխության օրվա կապակցությամբ։

Գոհունակությամբ եմ արձանագրում, որ վերջին տարիներին կայացած բարձրաստիճան պաշտոնական փոխայցելությունները նոր լիցք են հաղորդել միջպետական երկխոսության ակտիվացմանը: Լիահույս եմ, որ ընթացիկ տարում ակնկալվող միջպետական բնույթի միջոցառումները կնպաստեն մեր երկրների միջև տարբեր ոլորտներում փոխշահավետ համագործակցության զարգացմանն ու տնտեսական կապերի ամրապնդմանը։

Հայաստանն ուշադիր հետևում և աջակցում է Միջին Արևելքում և Աֆրիկայում խաղաղության ու կայունության հաստատմանն ուղղված Եգիպտոսի միջնորդական ջանքերին։

Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և նորանոր հաջողություններ, իսկ Եգիպտոսի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում»։

—00—ՄԱ