Վերջ արևին. Կառավարությունը դադարեցրել է արևային կայանների սուբսիդավորման ծրագիրը․ «Ժողովուրդ»
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 23, 24News

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Տարիներ շարունակ Նիկոլ Փաշինյանի կառավարության ամենախոշոր խոստումներից մեկը եղել է էներգետիկ անկախության ապահովումը։ Սակայն պարզվում է՝ Նիկոլ Փաշինյանի կառավարությունն այլեւս կարեւոր չի համարում արեւային էներգիայի զարգացումը։ Մինչեւ այս տարվա հունիսի 31-ը գործած պետական սուբսիդավորման ծրագիրը չի երկարաձգվել, ինչի մասին «Ժողովուրդ»-ը պարզել է պաշտոնական աղբյուրներից։
Նախկինում կառավարությունը սուբսիդավորում էր արեւային կայանների տեղադրման վարկերի տոկոսադրույքները տարբեր չափերով՝ կախված տեղադրման վայրից։ Մասնավորապես՝
– Բարձր լեռնային կամ/եւ սահմանամերձ բնակավայրեր – 14%
– Գյուղական բնակավայրեր – 12%
– Մարզային քաղաքներ – 11%
– Երեւան քաղաք – 9%
Այս ծրագիրը հնարավորություն էր տալիս մինչեւ 10 մլն դրամ սահմանաչափով, մինչեւ 84 ամիս ժամկետով ստանալ վարկեր՝ սկսած 0% տոկոսադրույքից կամ վճարել 2-6 % ընդամենը: Վարկերը տրամադրվում էին բնակարանի էներգաարդյունավետ վերանորոգման նպատակով՝ ի նպաստ ավելի ցածր կոմունալ ծախսերի։
Սակայն այսօր, երբ նույնիսկ բանկերը դեռ կայքերից չեն հասցրել հեռացնել «պետական սուբսիդավորմամբ արեւային վարկեր»-ի գովազդները, իրականությունն այլ է։ ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը չի երկարեցրել ծրագիրը։
ՏԿԵՆ-ից «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեցին, որ «Բնակարանների եւ անհատական բնակելի տների էներգաարդյունավետ վերանորոգման աշխատանքների պետական աջակցության ծրագիրը մեկնարկել է 2022 թվականից, իսկ 2024 թվականի փետրվարի 23-ին, կառավարության որոշմամբ, ծրագրի ժամկետը երկարաձգվել է մինչեւ 2025-ի հուլիսի 1-ը: Ժամկետը լրանալու հիմքով՝ ծրագիրը դադարել է»:
Սա ոչ միայն հետքայլ է երկրի էներգետիկ անկախության ճանապարհին, այլ նաեւ հարված հազարավոր քաղաքացիներին, որոնք հույս ունեին տեղադրել արեւային համակարգեր եւ նվազեցնել կախվածությունը Փաշինյանի «ատելի» ՀԷՑ-ից։
Փոխարենը՝ կառավարությունն առաջնահերթ է համարում ՀԷՑ-ը «խլելու» եւ վերահսկելու ծրագիրը, քանի որ սեփականատեր-բարերար Սամվել Կարապետյանը քաղաքական հայտ է ներկայացրել՝ մասնակցելու Հայաստանում քաղաքական ընտրությունների»։
–00—ՍՊ