«Զորաց» պանթեոնում տեղի է ունեցել դաշնակցականների երդման արարողություն

22/07/2025 19:22 Ներքին կյանք

Հուլիսի 19-ին Պռոշյանի «Զորաց» պանթեոնում տեղի է ունեցել երդման արարողություն։

26 երիտասարդ՝ ՀՅԴ Երիտասարդական վեց միություններից, երդում են տվել ու համալրել կուսակցության շարքերը։ Հայտնում են կուսակցության մամուլի ծառայությունից․

«Երդման կնքահայրը եղել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, ազատամարտիկ Իգոր Սարգսյանը, ով ներկայումս գտնվում է ապօրինի կալանքի տակ։

Նա գրավոր ուղերձ էր հղել նորգիրներին։

Իգոր Սարգսյանի ուղերձը՝ ստորև․

«Ողջու՛յն Հայկյան սերունդ,

Իմ սիրելի ՀՅԴ երիտասարդական և ուսանողական միությունների ընկերներ, պատվի և հայրենիքի պատասխանատու տերեր: Ուրախ եմ, որ ամբողջ աշխարհից այսօր հավաքվել եք հայրենիքում հերթական անգամ նորոգելու հավատարմության ուխտը, մեր նախնիների տան և նախնիների հանդեպ։

Գիտեք Արարիչը ստեղծել է տիեզերքը մեծագույն ճշգրտությամբ և մեր մոլորակը նրա մեջ։

Ստեղծել է շարունականությունը, և Յուրաքանչյուրը ապրում է իր ցեղի, շարունակականությունը անսահմանության մեջ, և իր տեսակի մեջ։ Հայ ժառանգին բաժին հասավ Հայկական բարձրավանդակը և մի մեծ առաքելություն՝ ապրել և ապրեցնել Արարչին իր մեջ, և պայքարել իր տեսակի իր ազգի լինելիության համար: Հայ կյանքի անվտանգության պատասխանատվությունը ժամանակի ընթացքով փոխանցվեց Հայ Հեղափոխական Դաշնակցությանը:

Դաշնակցությունը արդեն 135 տարի պատվով տանում է իրեն բաժին հասած խաչը: Բազմահազար նվիրյալների շնորհիվ մեր ազգը կարողացավ Հային և Հայաստանը բերել այսօր։

Մեր Սերունդը այդ ճանապարհին ճաշակեց Արցախի ազատագրության հաղթանակի բերկրանքը, պատիվը, հպարտությունը նաև նրա ժամանակավոր կորստի ցավն ու դառնությունը:

Հայոց ինքնությունը նորից վտանգի մեջ է։

Այսօր մեր շարքերը եկել են համալրելու նորերը՝ ավելի ուժեղները:

Նպատակը անփոփոխ է:

Սիրելի ընկերներ, այսօր դուք բարդ որոշում եք կայացնում՝ երդվում եմ պատվովս և հայրենիքովս:

Խնդրում եմ կանգ առեք մի պահ, խոսեք ձեր հոգու և բանականության հետ, և չխաբեք ձեզ, չամաչեք, եթե պատրաստ չեք` ասեք։

 

Դաշնակցականի ճանապարհները փշոտ են, քարքարոտ, զրկանքներով լի: Կամք, վճռականություն և համառություն են պահանջում։

Եթե վճռեցիք, ձեզ մաղթում եմ կամք, սկզբունքայնություն, հավատ և նվիրվածություն։

Արժանի լինեք հերոս նվիրյալներին ապրեցնողների բարձր կոչմանը։ Սիրում եմ ձեզ, հայոց մեծ ընտանիքը և միացյալ Հայաստանը:

Ուրեմն առաջ նահատակ ցեղի անմահներ:

Բարի գալուստ Դաշնակցություն…»։

–00—ՍՊ