Երևանի քրեական ոստիկաններն ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 22, 24News

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, հուլիսի 15-ին Շիրակի փողոցում ձերբակալել և «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ՝ վարչություն են տեղափոխել Երևանի բնակիչ 23-ամյա մի երիտասարդի: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է մոտ 60 մլ մեթադոնային լուծույթով տարա։
«Ֆոլքսվագենը» տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք, իսկ 23-ամյա երիտասարդը կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է տարածքային քննչական բաժին:
Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում հուլիսի 19-ին խուզարկություն է կատարվել երիտասարդի բնակության հասցեում:
Հայտնաբերվել է մեթաֆետամին տեսակի թմրամիջոցի նմանվող զանգված, իսկ նրա վարած մեքենայի խուզարկությամբ հայտնաբերվել են կոկաինի նմանվող զանգված և մեթադոնի ու հերոինի նմանվող լուծույթներով տարաներ։
Կատարվում է նախաքննություն։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
–00—ՅՄ