Կարինե Հովհաննիսյանը և Վարդան Բադալյանը պարգևատրվել են ԿԳՄՍՆ մեդալով
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 22, 24News

Հայկական երաժշտարվեստը բարձր կատարողականությամբ ներկայացնելու, պահպանելու, զարգացնելու, սերունդներին փոխանցելու համար, ինչպես նաև Հայաստանի պարի պետական անսամբլում ունեցած 35-ամյա գործունեության կապակցությամբ ՀՀ վաստակավոր արտիստ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, երաժիշտ-քանոնահար Կարինե Հովհաննիսյանը պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության մեդալով: Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից:
Նվիրյալ աշխատանքի, հայկական ժողովրդական երգարվեստը բարձր կատարողականությամբ ներկայացնելու, պահպանելու, զարգացնելու, սերունդներին փոխանցելու համար երգիչ Վարդան Բադալյանը նույնպես պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության մեդալով: Պարգևները հանձնել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը:
Նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել արվեստագետներին երաժշտության ոլորտում ունեցած նշանակալի ավանդի համար՝ մաղթելով նրանց ստեղծագործական նորանոր հաջողություններ:
Դանիել Դանիելյանը Կարինե Հովհաննիսյանի և Վարդան Բադալյանի հետ քննարկել է երաժշտարվեստի ոլորտի առկա գործընթացները և հետաքրքրվել նրանց առաջիկա ծրագրերով ու նախաձեռնություններով:
—00—ՄԱ