Հայաստանում հարցվածների 49%-ը հայտնել է, որ կողմ կքվեարկի Եվրամիությանը Հայաստանի անդամակցությանը
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 22, 24News

Միջազգային հանրապետական ինստիտուտի անցկացրած սոցիոլոգիական հարցման մասնակիցների 49 տոկոսը հայտարարել է, որ կողմ կքվեարկի Եվրամիությանը Հայաստանի անդամակցությանը, եթե այդ հարցով հանրաքվեն անցկացվի առաջիկա կիրակի։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հարցին՝ եթե առաջիկա կիրակի անցկացվեր Եվրամիությանը Հայաստանի անդամակցության հանրաքվեն, ինչպե՞ս կքվեարկեիք, հարցվածների 49 տոկոսն ասել է, որ կողմ կքվեարկեր, 15 տոկոսն ասել է, որ կքվեարկեր դեմ, 31 տոկոսը չէր մասնակցի քվեարկությանը, իսկ 5 տոկոսը դժվարացել է պատասխանել հարցին։
Հարցվածների 37 տոկոսը կարծիք է հայտնել, որ Եվրամիությանն անդամակցելու հիմնական առավելությունն անվտանգության ամրապնդումն է, 18 տոկոսն այն կարծիքին է, որ հիմնական առավելությունը տնտեսության հզորացումն է։
Հարցվածների 10 տոկոսի կարծիքով՝ Եվրամիությանն անդամակցելու հիմնական առավելությունը երկրի զարգացումն է, 5 տոկոսը հիմնական առավելություն է համարել վիզաների ազատականացումը, 5 տոկոսը՝ ժողովրդավարության զարգացումը, 4 տոկոսը՝ խաղաղությունը, 2 տոկոսը՝ ռուսական ազդեցության թուլացումը, 2 տոկոսը՝ ավելի լավ ապագան, 1 տոկոսը՝ քաղաքակիրթ երկրների միանալը, 1 տոկոսը՝ աշխատատեղերի ստեղծումը։
Հարցվածների 6 տոկոսը նշել է այլ առավելություններ, 2 տոկոսը նշել է, որ ոչ մի առավելություն չկա, իսկ 8 տոկոսը հրաժարվել կամ դժվարացել է հարցին պատասխանել։ Հարցումն անցկացվել է 2025 թվականի հունիսի 16-26-ն ընկած ժամանակահատվածում՝ հեռախոսային հարցման մեթոդով։
Հարցումն անցկացվել է 18 տարին լրացած 1505 Հայաստանի քաղաքացիների և Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց շրջանում։ Նշվում է, որ սխալի միջակայքը չի գերազանցում ±2.5 տոկոսային կետն ամբողջ ընտրանքի համար։
—00—ՄԱ