ՀՀ-ում յուրաքանչյուր 4-րդ երեխան ավելորդ քաշ ունի․ ինչ է արգելվում նախադպրոցական հաստատություններում
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 22, 24News

2026-ին ուժի մեջ կմտնի նախադպրոցական ուսումնական հաստատություններում սննդի կազմակերպման նոր նորմատիվը։
Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ Հայաստանում երեխաների շրջանում դիտվում է գերքաշության ցուցանիշի աճի միտում: Ուստի, վերանայվել է նախադպրոցական ուսումնական հաստատություններում սննդի կազմակերպման նորմատիվը` բարելավելով երեխաների համար սննդամթերքի միջին օրաբաժնի օրինակելի հավաքակազմը:
Իրականացված հիմնական փոփոխություններն են.
– Արդիականացվել են սննդանյութերի և էներգիայի օրական ֆիզիոլոգիական պահանջի նորմերը:
– Ավելացվել է ամբողջահատիկ պարունակող սնունդ (ամբողջահատիկ ցորենից հաց, ամբողջահատիկ ցորենից մակարոնեղեն, հնդկաձավար, վարսակ, բլղուր, հաճար և այլն):
– Շաքարի միջին օրաբաժինը նվազեցվել է ավելի քան 2 անգամ: Թույլ է տրվում օգտագործել ոչ ավելի, քան 5 գրամ շաքար կամ մեղր պարունակող ըմպելիք (ներառյալ` հյութեր, կակաո և այլն):
-Թույլատրվում է որպես խորտիկ տրամադրել բանջարեղեն և միրգ` առանց ավելացված շաքարի:
❌ Չի թույլատրվում.
▪️ կրեմային հրուշակեղեն,
▪️ քաղցրացուցիչներ պարունակող սննդամթերք,
▪️ շոկոլադ,
▪️ շոկոլադապատ արտադրանք,
▪️ աղանդեր (բացառությամբ` յոգուրտի կամ մրգային հիմքով աղանդերի, որոնք պարունակում են առնվազն 50% միրգ),
▪️ կոֆեին պարունակող ըմպելիքներ (այդ թվում` թեյ):
-Նվազեցվել է օգտագործվող աղի քանակը. միջին օրաբաժինը` ավելի քան 2 անգամ.
-ցանկացած այլ համեմունք թույլատրվում է տրամադրել սահմանափակ չափաբաժիններով:
-Ավելացվել են թարմ մրգերի, հատապտուղների, բանջարեղենի, մշակաբույսերի, այդ թվում` չորամրգերի առկայությունը սննդակարգում:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով 2022-ի տվյալներով՝ մինչև 5 տարեկան շուրջ 37 մլն երեխա ունեցել է ավելցուկային քաշ կամ ճարպակալում։
2019-ին «Արաբկիր» բժշկական համալիրը Հայաստանում իրականացրել է հետազոտություն՝ ընդգրկելով պատահական ընտրանքով 7-8 տարեկան աղջիկների և տղաների Հանրապետությունից: Հետազոտության արդյունքներով՝ երեխաների 27,7 տոկոսը կամ յուրաքանչյուր չորրորդ երեխան ավելորդ քաշ ունի, իսկ 12,5 տոկոսի մոտ արձանագրվել է ճարպակալում։
—00—ՄԱ