ՔԿ փոխնախագահն ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչների հետ քննարկել է աջակցության ուղղությունները

22/07/2025 14:03 Ներքին կյանք

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Վազգեն Ավետիսյանն ընդունել է ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի հետաքննությունների դաշնային բյուրոյի և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի ներկայացուցիչներին:

«Վազգեն Ավետիսյանը, ողջունելով հանդիպման մասնակիցներին, շնորհակալություն է հայտնել այցի կապակցությամբ:

Քննչական կոմիտեի նախագահի տեղակալն ընդգծել է, որ Քննչական կոմիտեի ձևավորումից ի վեր ԱՄՆ դեսպանատան հետ ունեցած համագործակցության շնորհիվ համակարգին ցուցաբերվել է անգնահատելի աջակցություն:

Վազգեն Ավետիսյանը հանդիպման սկզբում ԱՄՆ գործընկերներին է ներկայացրել Քննչական կոմիտեի լիազորությունները՝ ընդգծելով տարաբնույթ քրեական վարույթների նախաքննությունն իրականացնելու հնարավորությունը:

ԱՄՆ գործընկերները, անդրադառնալով իրենց կողմից տրամադրվող օժանդակության ծրագրերին, կարևորել են դրանց նոր ուղղվածությունը՝ կապված անդրազգային հանցավորությունների և կիբեռհանցագործությունների դեմ պայքարի հետ:

Վազգեն Ավետիսյանը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչներին՝ մինչ օրս ստացած աջակցության համար՝ կարևորելով վերապատրաստումների անհրաժեշտությունը հատկապես Կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության և Մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունների քննիչների համար:

Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվածություններ են ձեռք բերել համագործակցության տարբեր ուղղությունների շուրջ»,- ասվում է ՔԿ հաղորդագրության մեջ:

—00—ՄԱ