«Նուբարաշեն» հոգեկան առողջության կենտրոնում 2 հարկադիր բուժվողները դիմել են փախուստի

22/07/2025 12:41 Ներքին կյանք

Երեկ՝ հուլիսի 21-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել ՀՀ արդարադատության նախարարության ժողովրդին ավելի շատ հայտնի «Նուբարաշեն» հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրնում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 01:20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նուբարաշենի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ նշված կենտրոնի 2-րդ բաժանմունքից 2 հոգի դիմել են փախուտի:

Հիվանդանոց են ժամանել ոստիկանության Նուբարաշենի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Կարեն Հովհաննիսյանի գլխավորությամբ: Տեղում պարզվել է, որ նշված բաժանմունքի 5-րդ հիվանդասենյակի պատուհանի ճաղավանդակը պոկելու միջոցով հարկադիր բուժվող, Երևանի բնակիչ 45-ամյա Վյաչեսլավ Լուկինը և ՀՀ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմանբ որպես անվտանգության միջոց կիրառված և նշված կենտրոն տեղափոխված Արմավիրի մարզի բնակիչ 35-ամյա Արամայիս Միրզոյանը դիմել են փախուստի:

Դեպքի փաստով ոստիկանության Նուբարաշենի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին: Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ հետախուզական միջոցառումներ՝ նշված անձանց հայտնաբերելու ուղղությամբ:

–00—ՅՄ