«Մի ֆուռ» խնդիրները թողած` արձակուրդ է գնացել․ «Հրապարակ»

22/07/2025 08:24 Ներքին կյանք

«Հրապարակ օրաթերթը» գրում է․  Բարձրագույն դատական խորհրդի նախագահ, Վճռաբեկ դատարանի դատավոր Արթուր Աթաբեկյանը, դատական համակարգի «մի ֆուռ» խնդիրները թողած, արձակուրդ է գնացել։

Նրա թիվ մեկ խնդիրը պետք է լիներ դատավորների անկախությունն ապահովելը, որոնք անպաշտպան են մնացել Նիկոլ Փաշինյանի կամայականությունների առաջ եւ գլուխները կախ կալանք են տալիս ընդդիմադիրներին` դրա համար չունենալով ոչ մի հիմք։

ԲԴԽ-ից նախագահի` արձակուրդ մեկնելու վերաբերյալ տեղեկությունը հաստատեցին, նշեցին, որ սա նրա ամենամյա հերթական արձակուրդի մի մասն է։ ԲԴԽ նախագահ Աթաբեկյանին արձակուրդի ընթացքում փոխարինում է ԲԴԽ անդամ Էդգար Հովհաննիսյանը։

Մեր հարցին, թե ԲԴԽ նախագահն այժմ արձակուրդում է որպես նախագա՞հ, թե՞ որպես դատավոր, ասացին, որ ԲԴԽ նախագահին ու անդամներին արձակուրդ տրամադրվում է միայն որպես դատավոր, ԲԴԽ-ի կողմից առանձին տրվող արձակուրդ օրենքը չի նախատեսում։

Ստացվում է, որ ԲԴԽ նախագահն արձակուրդ է ստացել Վճռաբեկ դատարանի նախագահից, քանի որ նա վճռաբեկի դատավոր է։

Հիշեցնենք, որ, Դատական օրենսգրքի համաձայն, դատավորն ունի 30 աշխատանքային օր տեւողությամբ ամենամյա հերթական վճարովի արձակուրդի իրավունք:

Դատարանի նախագահը մինչեւ հունվարի 31-ը հաստատում է դատավորների ամենամյա հերթական արձակուրդի ժամանակացույցը եւ հրապարակում պաշտոնական կայքում:

Իսկ ԲԴԽ իրավաբան-գիտնական անդամներին արձակուրդ է տրամադրում ԲԴԽ նախագահը։

 

 

–00—ՍՊ