Չկա ավելի ծանր երևույթ․ այսօր զոհվածի հայրը Փաշինյանի հրահանգով անազատության մեջ է

21/07/2025 22:54 Ներքին կյանք

Փաստաբան Վահան Հովհաննիսյանը  «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկում հերթական անգամ այցելել է զոհվածի հայր Արա Ռոստոմյանին.

«Չկա ավելի ծանր երևույթ, քան զոհվածի հորը բանտում տեսակցելը։ Արդեն մի քանի տարի է, որ այդպիսի փորձառություն ունեմ. տևական ժամանակ նաև Գարիկ Գալեյանին եմ բանտում այցելել։ Կարծում էի, որ արդեն կոփված կլինեմ, սովորական կլինի, հեշտ կտանեմ, բայց չէ, չի ստացվում: Հիմա դուրս եմ եկել բանտից, փորձում եմ վերլուծել, բայց ուղեղս հրաժարվում է ընկալել իրականությունը։ Մի մարդ, որ իմ ու ձեզ պես մարդ է՝ շնչում է, ուտում է, մտածում է, ինչպե՞ս կարող է ուրանալ զոհվածների ծնողների ավանդը։

Ախր այս մարդիկ իրենց ամեն ինչն են տվել պետությանը։ Այսօր այդ «մարդը» իր նման «մարդկանց» հետ ծննդյան արարողության է մասնակցում, ուտում, խմում, կենացներ ասում, պարում, իսկ զոհվածի երկու ծնող անազատության մեջ են։ Անազատության մեջ են իր հրահանգով, անազատության մեջ են արարքների համար, որոնք հանցանք չեն։

Լավ, դու ո՞նց ես կարողանում տանել էս իրականությունը, ո՞նց ես կարողանում ապրել, եթե մարդ ես.-դառնացած գրում է նա: