Սևանա լճում և հարակից անտառներում որոնում են կորած ամուսիններին

20/07/2025 09:24 Ներքին կյանք

Երեկ՝ հուլիսի 19-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 16։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզային քրեական  վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ճամբարակի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ 2 քաղաքացի՝ կին և տղամարդ, ժամը 15։40-ի սահմաններում Ծափաթաղ գյուղին հարակից Սևանի լճի ափից ռետինե փչովի նավակով նավարկել են դեպի լճի խորքը ու մի քանի ժամ է չեն վերադարձել։

Ինչպես Գեղարքունիքի մարզից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ափամերձ տարածքներում մոտ 30 կմ շառավղով անտառային հատվածներում որոնողական աշխատանքներ են իրականացրել փրկարար ծառայության Գավառի, Մարտունու, Ճամբարակի, Վարդենիսի հրշեջ փրկարարական ջոկատներից՝ 3-ական մարտական հաշվարկ և օպերատիվ խմբի 3 հաշվարկ։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով, որոնողական աշխատանքները օրվա ժամի հետ կապված ժամանակավորապես դադարեցվել է, սակայն Գեղարքունիքի մարզի քրեական ու համայնքային ոստիկանները, պարեկները և մի քանի քաղաքացիներ շարունակում են որոնողական աշխատանքները։ Գ․ Շամշյանի տեղեկություններով որոնվող քաղաքացիներն են Երևանի բնակիչներ 60-ամյա Էմիլ Ա․-ն և 60-ամյա Արև Ա․-ն, ովքեր ամուսիններ են։

Դեպքի փաստով ոստիկանության Ճամբարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին։

–00—ՅՄ