Վերին Դվին և Արևշատ համայնքներում ձերբակալված չորս անձինք ազատ են արձակվել
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 19, 24News

Արարատի մարզի Վերին Դվին և Արևշատ համայնքների բնակիչների միջև տեղի ունեցած ծեծկռտուքի հանգամանքներով պայմանավորված 4 ձերբակալվածներն արդեն ազատ են արձակվել: Այս մասին 24News-ը տեղեկացավ ՔԿ-ից: Կոմիտեից հայտնեցին նաև, որ առայժմ որևէ մեկին մեղադրանք չի առաջադրվել:
24News-ը գրել էր, որ Արարատի մարզի Վերին Դվին և Արևշատ համայնքների բնակիչների միջև տեղի ունեցած միջադեպից օրեր անց 4 անձ ձերբակալվել է։
ՔԿ-ից 24News-ին փոխանցեցին, որ հաղորդման հիման վրա 2025 թվականի հուլիսի 16-ին ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով(ֆիզիկական ներգործությունը՝ մի խումբ անձանց կողմից), 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (խուլիգանությունը՝ մի խումբ անձանց կողմից) և 297-րդ հոդվածի 3-րդ մասով (զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ կամ դրա գործադրման սպառնալիքով) նախաձեռնվել է քրեական վարույթ:
24News-ի տեղեկությունների համաձայն` ձերբակալվածները և՛ Արևշատ գյուղից են, և՛ Վերին Դվինից։ Մենք տեղեկացանք, որ այս պահին իրավապահները լքել են գյուղը, բայց չի բացառվում նաև, որ առաջիկայում էլի մարդիկ ձերբակալվեն։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Զեմֆիրա Միրզոևան տեսանյութ էր հրապարակել և հայտնել, որ Արարատի մարզի Վ. Դվին համայնքի բնակիչները հայտնում են, որ այսօր վաղ առավոտյան ոստիկանության Արտաշատի բաժնի ոստիկանները ներխուժել են համայնք և անօրինական ձերբակալություններ են իրականացնում:
Ըստ ահազանգի՝ ձերբակալում են թե՛ տղամարդկանց, և թե՛ կանանց։
24News-ի տեղեկությունների համաձայն էլ, տեղի ունեցած ձերբակալություններին մի քանի օր առաջ նախորդել է կենցաղային վեճը ասորական Վերին Դվին և Արևշատ համայնքի բնակիչների միջև:
Մեզ փոխանցեցին, որ վիճաբանության մասնակիցների թվում է Արևշատ համայնքի վարչական ղեկավարի Ստեփան Նիկոլյանի որդին, որը ստացած վնասվածքների հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց:
Մերի Մանուկյան
–00—ՅՄ