4 անշարժ գույք, 7 մլն 154 հազար դրամ եկամուտ․ ինչ է հայտարարագրել Խաչատուրյանը . «Ժողովուրդ»
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 19, 24News --00—ԱՊ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀԷՑ-ի պետականացման ծրագրի շուրջ ընթացող զարգացումները շարունակվում են։
Նախ Ռոմանոս Պետրոսյանն ազատվեց Պետական վերահոսկողական ծառայության պետի պաշտոնից, ապա օրեր անց Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպեց ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) նախագահ Մեսրոպ Մեսրոպյանի հետ, քննարկեց ՀԷՑ-ի պետականացման ծրագրի իրականացումը։ Հանդիպումից մեկ օր անց Ռոմանոս Պետրոսյանը նշանակվեց ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ։
Հարկ է նշել, որ պետականացման այդ խայտառակ ծրագիրը, որն ինչպես վերջերս Նիկոլ Փաշինյանի ասուլիսից հասկացանք՝ չունի անգամ հաշվարկային փաստաթղթեր, որոնք թույլ կտային հասկանալ, թե ՀԷՑ-ը ինչ ֆինանսական ազդեցություն կունենա պետական բյուջեի վրա, ստորագրել էր հենց ՀՀ նախագահը։
Իսկ ինչ ունեցվածք ունի ՀՀ 5-րդ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ով ընդունում է պետական բյուջեին ու տնտեսությանը վերաբերող կարևոր որոշումներ։
2022 թվականից՝ արդեն 3 տարի, ՀՀ 5-րդ նախագահի պաշտոնը զբաղեցնող Վահագն Խաչատուրյանը ներկայացրել է 2024 թվականի անշարժ գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի տարեկան հայտարարագիր։
Համաձայն այդ հայտարարագրի՝ Խաչատուրյանն ունի 4 անշարժ գույք՝ 2 հողամաս, 1 բնակարան և 1 ավտոկայանատեղի։ Բնակարանն ու ավտոկայանատեղին գնվել են 2002 թվականին Երևանի Կենտրոն վարչական շրջանում։
Ձորաղբյուրում և Արաբկիրում գտնվող հողամասերը Խաչատուրյանը 2017 թվականին ժառանգություն է ստացել։
Նախագահը տրանսպորտային միջոցներ չի հայտարարագրել։
Վահագն Խաչատուրյանի բանկային հաշիվների մնացորդները կազմել են 53 մլն դրամ և 650 դոլար, կանխիկ դրամական միջոցները՝ 1,2 մլն դրամ և 20 հազար դոլար։
Հաշվետու տարվա եկամուտը կազմել է 17 մլն 154 հազար դրամ, որը աշխատանքի վարձատրություն է ՀՀ նախագահի աշխատակազմից։
Վահագն Խաչատուրյանի ստացած վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 10 հազար դոլար և 10 հազար եվրո»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: