«Սինոփսիս Արմենիայի» տնօրենը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» մեդալով

18/07/2025 20:11 Ներքին կյանք

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է «Սինոփսիս Արմենիա» ընկերության նախագահ Երվանդ Զորյանին և հանձնել պետական բարձր պարգև։

Երվանդ Զորյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով՝ Հայաստանում բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի, երկարամյա անխոնջ գործունեության և նվիրումի համար։

Նախագահ Խաչատուրյանը շնորհավորել է Երվանդ Զորյանին և մեծապես գնահատել նրա գործունեությունը՝ ընդգծելով, որ վերջինիս կատարած աշխատանքն անգնահատելի է ոչ միայն բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման, այլև Հայաստանի հզորացման գործում:

«Դուք օրինակելի ճանապարհ եք անցել և Ձեր գործունեության ընթացքում մշտապես գործել եք հայրենիքին և պետությանը ծառայելու բարձր գիտակցությամբ»,-
 նշել է Հանրապետության նախագահը։

Երվանդ Զորյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել նման պարգևի և գնահատանքի համար՝ նշելով, որ հայրենիքը իր համար միշտ եղել է առանձնահատուկ արժեք և շարունակելու է ծառայել՝ նույն նվիրումով և պատասխանատվությամբ։–00—ՍՊ