Մադինա համայնքի նախկին ղեկավարը մեղադրվում է հայտարարագիրը դիտավորությամբ չներկայացնելու մեջ

18/07/2025 10:48 Ներքին կյանք

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ Գեղարքունիքի մարզի Մադինա համայնքի նախկին ղեկավարը օրենքով սահմանված պատասխանատվության կիրառումից հետո դիտավորությամբ հայտարարագիր չի ներկայացրել: Այս մասին հայտնում են հակակոռուպցիոն կոմիտեից:

Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ 2024 թվականի ապրիլի 22ին Մադինա համայնքի նախկին ղեկավարը գրավոր ծանուցվել է 2021 թվականի պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու օրվա դրությամբ առկա գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագիրը չներկայացնելու, ինչպես նաև դրանից հետո 30 օրվա ընթացքում համապատասխան հայտարարագիր ներկայացնելու պարտավորության, իսկ հակառակ դեպքում՝ 31-րդ օրը վարչական վարույթ իրականացնելու նպատակով հանձնաժողովին ներկայանալու վերաբերյալ: Հիշյալ անձը, սակայն, այդ ընթացքում չի ներկայացրել հայտարարագիրը և չի ներկայացել հանձնաժողովին:

Դրանից հետո համայնքի նախկին ղեկավարի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն, և 2024 թվականի օգոստոսի 5-ին տեղի ունեցած՝ վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննության արդյունքում որոշում է կայացվել նրա նկատմամբ 200,000 ՀՀ դրամի չափով տուգանք նշանակելու մասին: Պատշաճ ծանուցվելով վարչական տուգանք կիրառված լինելու վերաբերյալ՝ համայնքի նախկին ղեկավարը 30-օրյա ժամկետում դարձյալ հայտարարագիր չի ներկայացրել իրավասու մարմնին՝ ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին, որի համար նրան մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 444-րդ հոդվածի 1-ին մասով:

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան:

—00—ՄԱ