Երեւանի դատախազը 1 տարում 17 մլն արժողությամբ 2 մեքենա է գնել. «Ժողովուրդ»
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 18, 24News

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ազգային ժողովում հուլիսի 8-ին տեղի ունեցած ծեծկռտուքի վերաբերյալ «Ժողովուրդ» օրաթերթի կողմից ներկայացված հաղորդումը ուղարկվել է Երեւանի քաղաքային դատախազություն: Սա նշանակում է, որ Երեւան քաղաքի դատախազ Ռաֆայել Մանուկյանի ձեռքում է, թե հայոյախոս ու ջարդարար ՔՊ-ական պատգամավորները կպատժվեն, թե ոչ: Մենք հաղորդման հետ ներկայացրել ենք մանրամասն նկարագրությամբ տեսանյութ՝ հայտնելով, թե ՔՊ-ականներից ով ինչով է աչքի ընկել հուլիսի 8-ին:
Եվ քանի որ հարցի հանգուցալուծումը կախված է դատախազից, կարեւոր է իմանալ, թե ով է Երեւան քաղաքի դատախազ Ռաֆայել Մանուկյանը, ինչ ունեցվածք ունի:
Չխախտելով «Ժողովուրդ» օրաթերթի ավանդույթները՝ ներկայացնենք, թե ինչ հայտարարագիր է ներկայացրել Մանուկյանը, որն այս պաշտոնում նշանակվել է 2023 թվականի նոյեմբերին։
Վերջինիս կինը՝ Սոնա Առուստամյանը եւս նույն համակարգում է աշխատում. ՀՀ գլխավոր դատախազությունում դատախազի տեղակալ է:
Ռաֆայել Մանուկյանը հայտարարագրել է 2 հողամաս Արմավիրի մարզի Փարաքար համայնքում՝ ձեռք բերված 2000 եւ 2002 թվականներին։
2024 թվականին դատախազը գնել է Lexus մակնիշի 2 մեքենա 2022 թվականի արտադրության։ Մեքենաներից մեկն արժեցել է 17 մլն 550 հազար դրամ, ձեռք է բերվել անհատից, իսկ մյուս՝ 17 մլն 290 հազար դրամ արժողությամբ մեքենան ձեռք է բերվել «Տոյոտա Երեւան» ՍՊԸ-ից։
Հետաքրքիրն այն է, որ անհատից գնած մեքենան դատախազը վաճառել է նույն տարում նույն արժեքով. մյուս մեքենան պահպանվել է տարեվերջին։
Դատախազի բանկային հաշիվների մնացորդները կազմել են գրեթե 770 հազար դրամ, կանխիկ դրամական միջոցները՝ 7 հազար դոլար եւ 5 մլն 200 հազար դրամ։
Երեւան քաղաքի դատախազ Ռաֆայել Մանուկյանի հաշվետու տարվա եկամուտները կազմել են 66 մլն 518 հազար դրամ, որից 16 մլն 600 հազար դրամն աշխատանքի վարձատրություն է ՀՀ գլխավոր դատախազությունից։ Եկամուտներից գրեթե 40 մլն 590 հազար դրամը վարկ է ՀՀ տարբեր բանկերից։
Հետաքրքիր եւս մեկ հանգամանք կա դատախազի հայտարարագրում. մեքենան Արմեն Մելքոնյանին Մանուկյանը վաճառել էր 17 մլն 550 հազար դրամով, սակայն այս գումարից միայն 5 մլն 668 հազար դրամն է հայտարարագրվել տարեկան եկամուտների բաժնում։
Հնարավոր է՝ դատախազը գնորդի հետ այլ գործարքի է գնացել։
Ռաֆայել Մանուկյանի ստացած վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 45 մլն 176 հազար, որից 33 մլն 176 հազար դրամը բնակարանի հիփոթեքի մայր գումարի մնացորդն է, որի մարման համար դատախազը ֆինանսների նախարարությունից ստացել է 3 մլն 658 հազար դրամ եկամտահարկի վերադարձ»։
–00—ՍՊ