Արտահոսքի մասին մշտապես են քննարկում. «Հրապարակ»
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 17, 24News

«Հրապարակ» թերթը գրում է. «Հատկապես վերջերս Փաշինյանը վրդովվում է, երբ իրենց նիստերից արտահոսքեր են լինում, եւ ամեն նիստից առաջ հատուկ զգուշացնում է, որ քննարկվածը չպետք է հայտնվի լրատվամիջոցներում:
Անգամ սպառնում է, որ հայտնաբերելու է արտահոսք անողներին եւ պատժի։ Գորիսի քաղաքական ժողովից հետո միակը, որ «հանդգնել» է հարցազրույց տալ, սյունեցի պատգամավոր Դավիթ Դանիելյանն է եղել, չնայած առանձնապես բացահայտումներ չի արել, հերթապահ պատասխաններ է տվել՝ ժողովի օրակարգի, առաջիկա համագումարի եւ համապետական ընտրությունների, ինչպես նաեւ «Զանգեզուրի միջանցքի» մասին, որ միջանցք չի լինելու, բայց նրան նկատողություն են արել, որ չի կատարել կուսակցական պահանջը։
Դավիթ Դանիելյանը մեզ հետ զրույցում նշեց, որ արտահոսքի հետ կապված խոսակցություններ մշտապես լինում են, ինչը լավ չէ, սակայն վերջինս հերքեց, որ իրեն դիտողություն են արել: