Անահիտ Մանասյանը Սլովակիայի գործընկերոջ հետ այցելել է «Աբովյան» ՔԿՀ

16/07/2025 15:00 Ներքին կյանք

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ու Սլովակիայի Հանրապետության իրավունքների հանրային պաշտպան Ռոբերտ Դոբրովոդսկին հուլիսի 16-ին այց են իրականացրել  ՀՀ արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ։

Այցին մասնակցել են նաև Քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանը, երկու երկրների օմբուդսմանական հաստատությունների, Արդարադատության նախարարության և Քրեակատարողական ծառայության ներկայացուցիչները։

Անահիտ Մանասյանն ու Ռոբերտ Դոբրովոդսկին Քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանի և  «Աբովյան»  քրեակատարողական հիմնարկի պետ Հեղինե Մարտիրոսյանի ուղեկցությամբ շրջել են տարածքով և ուսումնասիրել հիմնարկում պահվող կին և անչափահաս ազատությունից զրկված անձանց պահման պայմանները և իրավունքների ապահովման հետ կապված հարցերը:

Սլովակիայի իրավունքների հանրային պաշտպանին ներկայացվել են քրեակատարողական հիմնարկի կողմից Մարդու իրավունքների պաշտպանի առաջարկությունները կատարելու մեթոդաբանությունը, ազատությունից զրկված անձանց ՄԻՊ աշխատակազմ անխոչընդոտ 24/7 ռեժիմով հեռախոսակապի  հնարավորությունը, անանուն հաղորդումներ ներկայացնելու մեխանիզմները և այլ գործիքակազմերը:

Այնուհետև Ռոբերտ Դոբրովոդսկին և ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության հերթապահ ծառայության վարչության Երևան քաղաքի ձերբակալվածների պահման վայր:

ՆԳՆ ներկայացուցիչների, ՁՊՎ ղեկավար կազմի ուղեկցությամբ իրականացվել է շրջայց, Սլովակիայի օմբուդսմանը ծանոթացել է ազատությունից զրկված անձանց պահման պայմաններին, արտաքին աշխարհի հետ կապի, բժշկական ծառայությունների մատուցման և այլ իրավունքների իրացման հնարավորություններին:

Մարդու իրավունքների պաշտպանը կարևորում է գործընկերների հետ միջազգային համագործակցության ընդլայնումը և գործընկերության խորացումը՝ այդ թվում փոխայցերի կազմակերպման, փորձի փոխանակման և թեմատիկ ոլորտներում համատեղ նախաձեռնությունների իրականացման ուղղությամբ։

–00—ՅՄ