Կայացել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի միջգերատեսչական աշխատանքային խմբի անդրանիկ նիստը

16/07/2025 14:10 Ներքին կյանք

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ այսօր կայացել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի միջգերատեսչական աշխատանքային խմբի անդրանիկ նիստը։ Քննարկվել են տարբեր գերատեսչությունների աշխատանքային ներգրավվածությանը, ծրագրի ընթացքին և հրատապ լուծումներ պահանջող խնդիրներին վերաբերող հարցեր։ Այս մասին տեղեկացնում է ԿԳՄՍ նախարարությունը:

Աշխատանքային խմբի կազմում ընդգրկված են ՀՀ վարչապետի աշխատակազմի, Էկոնոմիկայի, Շրջակա միջավայրի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, Ֆինանսների նախարարությունների, Քաղաքաշինության և Կադաստրի պետական կոմիտեների, Երևանի քաղաքապետարանի և այլ կառույցների ներկայացուցիչներ։

Հանդիպմանը մասնակցել են նաև Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը և «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի տնօրեն Արմեն Սիմոնյանը։

Ժաննա Անդրեասյանն ընդգծել է, որ աշխատանքային խմբի ստեղծումը կնպաստի ծրագրի իրականացման արդյունավետության բարձրացմանը՝ ապահովելով աշխատանքների կազմակերպման ճկունություն և ընթացիկ տեղեկատվության առավել արագ փոխանակում։

Նախարարը նշել է, որ կան մի շարք հրատապ լուծում պահանջող խնդիրներ, որոնք վերաբերում են հողերի կադաստրային գրանցմանը, ենթակառուցվածքների և կոմունալ ծառայությունների կարգավորմանը, տրանսպորտային ռազմավարության մշակմանը, տարածքի մաքրմանը և բարեկարգմանը։

Ժաննա Անդրեասյանը հատկապես կարևորել է յուրաքանչյուր գերատեսչության գործառութային դերն աշխատանքների արդյունավետ կազմակերպման հարցում։ Քննարկման ընթացքում նշվել է, որ Ակադեմիական քաղաքի տարածքում նախատեսվում է հիմնել նաև արհեստական բանականության տվյալային կենտրոնը, որի ներդրումային ծրագիրը զուգահեռաբար մշակվում է։ Առաջնահերթ է նաև ազգային ստադիոնի կառուցումը, որը տեղակայվելու է Ակադեմիական քաղաքում կամ նրա հարակից տարածքում։

Անդրադառնալով կոմունալ ենթակառուցվածքների զարգացմանը՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շեշտել է մաքրման կայանի կառուցման անհրաժեշտությունը, որը կարևոր նշանակություն ունի տարածքի բնական միջավայրի պահպանման և համատեղելի զարգացման առումով։

Նախարարը հավելել է, որ Ակադեմիական քաղաքի ստեղծման աշխատանքները մեկնարկել են բավականին արագ տեմպերով, և կարևոր է պահպանել աշխատանքների դինամիկան՝ հաշվի առնելով սեղմ ժամկետները և ծրագրի հանդեպ հանրային մեծ հետաքրքրությունը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև «Ակադեմիական քաղաք» ծրագրի իրականացման ընթացքին առնչվող մի շարք այլ հարցեր։

—00—ՄԱ