Ընդդիմությունը դիմում է ներկայացրել ՍԴ՝ ՀԷՑ-ը խլելու օրենքը հակասահմանադրական ճանաչելու համար

15/07/2025 22:22 Ներքին կյանք

«Փաստինֆո»․ ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները ՍԴ դիմում են ներկայացրել՝ վիճարկելով ՀԷՑ-ը «խլելու» վերաբերյալ իշխանությունների ընդունած օրենքի սահմանադրականության հարցը։

Հիշեցնենք, որ «Տաշիր» գրուպի սեփականատեր, բարերար Սամվել Կարախետյանի՝ ի պաշտպանություն ՀԱՍԵ արված հայտարարություններին հաջորդել են իշխանությունների կողմից ՀԷՑ-ը խլելու օպերացիան՝ զուգորդված նաև գործադիրի ղեկավարի հայտարարություններով։  Ընդ որում, գործարարի պաշտպանությունը եկեղեցուն իրավապահները «գնահատել» են որպես «իշխանության յուրացման կոչ» և կալանավորել նրան։ ՔՊ-ն ընդամենը երկու շաբաթվա ընթացքում մշակեց օրենսդրական փոփոխությունների նախագիծ, որը հնարավորություն է տալիս գործադիրին վերցնել ՀԷՑ-ի կառավարումը: ՔՊ-ի ներկայացրած օրենսդրական փաթեթը հենց ՔՊ-ի կողմից էլ ընդունվեց ԱԺ արտահերթ նիստում՝ 24 ժամվա ընթացքում:  Մասնագիտական համայնքը մտահոգված է՝ գույքերի պետականացման  իրավական և իրավաչափ որևէ գործիքակազմ չկա և ինչի էր կարող լինել, իսկ եթե Նիկոլ Փաշինյանի կողմից է հայտարարվում այդ գործընթացի մասին, ապա դա ոչ այլ ինչ է, քան՝ «բիզնես խլելու» գործընթաց և սահմանադրական կարգի տապալում, ինչն անընդունելի  է իրավական պետությունում։ Ավելին, մասնագիտական հանրությունը վստահ է, որ այս գործընթացը, որն ի սկզբանե քաղաքական է, տապալված է՝ միջազգային ատյաններում և որ վաղ, թե ուշ՝ այս գործընթացի հետևանքով հերթական վճիռն է լինելու՝ ընդդեմ ՀՀ-ի, իսկ ֆինանսական բեռը տարածվելու է ՀՀ հարկատուների վրա, այսինքն՝ այս իշխանությունների ապօրինությունների բեռը տարածվելու է քաղաքացիների վրա։

Այժմ ընդդիմադիր երկու խմբակցությունները դիմում են ներկայացրել ՍԴ՝ պահանջելով իշխանությունների կողմից ընդունված օրենքը ճանաչել Սահմանադրությանը հակասող, միևնույն ժամանակ, միջնորդել են, որ դիմումը վարույթ ընդունելու որոշմամբ՝ կասեցվի նաև օրենքի գործունեությունը՝ մինչև ՍԴ-ի կողմից վերջնական դատական ակտ կայացնելը։ հուլիսի 11-ին ներկայացված դիմումը վարույթ ընդունելու մասին որոշում դեռևս չի կայացվել, համենայն դեպս՝ ՍԴ կայքում այդ մասին որևէ տեղեկություն չկա, դիմումատուները ևս պատասխպան չեն ստացել, սակայն առաջիկայում որոշումը սպասվում է՝ նկատի ունենալով օրենքով նախատեսված եռօրյա ժամկետը։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։