Ռուսական շուկայում վաճառվող հայկական կոնյակների 85%-ը չի համապատասխանում ներքին չափանիշներին

15/07/2025 18:12 Ներքին կյանք

Հայաստանում արտադրվող և Ռուսաստանի շուկայում վաճառվող կոնյակների 85%-ը չի համապատասխանում ներքին չափանիշներին։ Այս եզրակացությանն են հանգել Կոնյակի, սպիրտային խմիչքների և ալկոհոլային խմիչքների արտադրողների միության և կեղծարարության դեմ պայքարի ասոցիացիայի փորձագետները։

2024 թվականի օգոստոսին այս տեսակի ալկոհոլի մասնաբաժինը մի փոքր ավելի բարձր էր՝ 90%։ Այս տարվա մայիսին այն նվազել էր մինչև 80%՝ սահմանային վերահսկողության ուժեղացման շնորհիվ։ Սակայն վերջին ստուգումը ցույց է տվել, որ այդ թիվը կրկին աճում է։ Մասնագետներն ուսումնասիրել են հանրապետության ութ խոշորագույն արտադրողների կոնյակի ավելի քան 70 նմուշ։

Կեղծարարության դեմ պայքարի ասոցիացիայից նշել են, որ դեռևս հնարավոր չէ խնդիրը լուծել «դիվանագիտական ճանապարհով», չնայած այն հանգամանքին, որ կազմակերպություն է այցելել ՀՀ էկոնոմիկայի փոխնախարարը։

2025 թվականի առաջին կեսին Ռուսաստանում կոնյակի վաճառքը զգալիորեն նվազել է։ Տարեկան կտրվածքով վաճառքի ծավալները նվազել են 10.5%-ով։

–00—ՅՄ