«ՄԼ Մայնինգի» հիմնադիր Դավիթ Սուքիասյանը փայատեր է դարձել Սոֆի-Բինայի ոսկու հանքավայրում․ «Հետք»

15/07/2025 11:24 Ներքին կյանք

«Հետք»-ը գրում է․ «Գործարար Դավիթ Սուքիասյանը, որն առավել հայտնի է «ՄԼ Մայնինգ» հանքարդյունահանող եւ շինարարական ընկերությունով, իսկ 2017-2020 թթ. եղել է նաեւ ՀՀ հատուկ քննչական ծառայության աշխատակազմի ղեկավարը, ապա՝ գլխավոր քարտուղարը, փայատեր է դարձել «ՋիԷմԷն Գոլդ Մայնինգ» ՍՊԸ-ում, որը Վայոց Ձորի մարզի Սոֆի-Բինայի ոսկի-բազմամետաղային հանքավայրի շահագործման իրավունք ունի:

Նկատենք, որ այս ընկերությունը հիմնադրվել է 2001-ին եւ 2012-ի օգոստոսին 14 տարի ժամկետով (մինչեւ 2026 թ. դեկտեմբեր) Սոֆի-Բինայի հանքավայրի շահագործման լիցենզիա է ստացել:

2001-2024 թթ. ընկերությունը կոչվում էր «Վարդանի զարթոնքը» եւ փոխկապակցված էր բնապահպանության նախկին նախարար, ԱԺ նախկին պատգամավոր Վարդան Այվազյանին:

2014-ի հուլիսին Մեծ Բրիտանիայի քաղաքացի Ջորջ Հովարդ Ռիչմոնդը (George Howard Richmond), որն իրականում վրացի է՝ Գեորգի Մգալոբլիշվիլի, Սեյշելյան կղզիներում գրանցված իր Coeur Gold Armenia Ltd-ի միջոցով ձեռք էր բերել «Վարդանի զարթոնքը» եւ «ՎայքԳոլդ» ընկերությունների 80 %-ը («ՎայքԳոլդ» ՍՊԸ-ն այն ժամանակ Ազատեկի ոսկի-բազմամետաղային հանքավայրի շահագործման իրավունք ուներ, որից հետո զրկվել է): Ընդ որում՝ «ՎայքԳոլդը» եւս փոխկապակցված էր Վարդան Այվազյանին»:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

–00—ՅՄ