Գյումրիում հայտնաբերվել է կաթի հավաքմամբ զբաղվող 34-ամյա տղամարդու մարմինը

15/07/2025 11:19 Ներքին կյանք

Այսօր՝ հուլիսի 15-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 08:20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Շիրակի մարզային քրեական վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակում օպերատիվ տեղեկություններ են տացվել, որ Աշոցքի տարածաշրջանի Ցողամարգ-Վարդաղբյուր գյուղերի բաժանարար հատվածում՝ վագոն-տնակի մոտ, տղամարդու կախված դի կա:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Շիրակի մարզային քրեական վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետի պաշտոնակատար Արթուր Ֆիշյանի և ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Մարտիրոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վանիկ Սաղոյանի գլխավորությամբ: Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է:

Քրեական ոստիկաններն ու պարեկները նշված վայրում հայտնաբերել են Շիրակի մարզի բնակիչ 34-ամյա Հովհաննես Գ.-ի դին՝ վագոն տնակի կողային հատվածում՝ երկաթե խողովակից կախված վիճակում:

Դեպքի փաստով Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մահացածը Շիրակի մարզի կաթի գործարաններից մեկում էր աշխատում՝ որպես կաթ հավաքող, և նրան կցված էր կաթի ավտոմեքենա:  Առավոտյան, երբ գործընկերները տեսել են, որ նա ուշանում է, սկսել են փնտրել նրան, ապա հայտնաբերել են նշված վայրում:

—00—ՄԱ