Գազալցակայանի աշխատակիցները կատարել են սպանության պարտակում
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 14, 24News

Առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Արմավիրի մարզում գործող գազալցակայանում տեղի ունեցած սպանության դեպքից հետո գազալցակայանի 2 աշխատակից կատարել է հանցագործությունների պարտակում:
«Մասնավորապես՝ մարզում գործող գազալցակայանի հերթափոխի պետը սպանություն կատարած անձի բացահայտմանը խոչընդոտելու նպատակով՝ գազալիցքավորողին հրահանգել է ջրով լվանալ գազալցակայանի տարածքում թափված արյան հետքերը, հավաքել և զուգարանակոնքը նետել կրակոցների արդյունքում տարածքում թափված կրակված պարկուճները, այնուհետև կրկին լվանալ արյան հետքերը՝ այդ կերպ կազմակերպելով և ղեկավարելով գազալիցքավորողի կողմից Կ.Բ.-ի կատարած հանցագործությունների պարտակումը»,- նշված է Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ:
Գազալցակայանի հերթափոխի պետի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 46-474-րդ հոդվածի 1-ին մասով (հանցանք կատարած անձին աջակցելը կազմակերպելը) և գազալիցքավորողի նկատմամբ՝ 474-րդ հոդվծի 1-ին մասով (հանցանք կատարած անձին աջակցելը):
Վերջիններիս վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին:
_00_ՄԱ