Վրացի Ռիչմոնդը և արաբ Շեյխը հետաքրքրված են Ազատեկի ոսկու հանքով, բայց Վայք համայնքը դեմ է. «Հետք»
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 14, 24News

Այն բանից հետո, երբ «ՎայքԳոլդ» ՍՊԸ-ն չկարողացավ վերականգնել Վայոց Ձորի մարզում գտնվող Ազատեկի ոսկի-բազմամետաղային հանքավայրի շահագործման իր իրավունքը, ասպարեզում հայտնվել է նույնատիպ անունով մեկ այլ ընկերություն՝ «Վայք Գոլդ Ռիսորսիզ» ՍՊԸ-ն, որի հետեւում կանգնած են «ՎայքԳոլդին» փոխկապակցված անձինք: Դրանք Մեծ Բրիտանիայի քաղաքացիներ են, սակայն ծագումով վրացի և արաբ են: Այս մասին գրում է «Հետք»-ը:
Հիշեցնենք, որ «ՎայքԳոլդ» ՍՊԸ-ն 2012-ի հունիսին հիմնադրել էին բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանը (20 %), որն այդ ժամանակ ԱԺ պատգամավոր էր, ու երևանցի Աշոտ Հովհաննիսյանը (80 %), որը ստեղծումից մինչ օրս ընկերության տնօրենն է: Հովհաննիսյանն Այվազյանի վստահելի մարդկանցից է, տարբեր տարիների ղեկավարել է փաստացի նրան պատկանող հանքարդյունաբերական ընկերությունները:
2012-ի նոյեմբերին տնօրեն Հովհաննիսյանը պայմանագիր էր կնքել այն ժամանակվա էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի հետ Ազատեկի հանքավայրը շահագործելու մասին: «ՎայքԳոլդին» այդ իրավունքը տրվել էր 25 տարով՝ մինչեւ 2037 թ.:
2018-ի նոյեմբերին՝ Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից 6 ամիս անց, Գլխավոր դատախազությունը հայտարարեց, որ քրեական գործ է հարուցվել ընդերքի պահպանման եւ օգտագործման կանոնները խախտելու եւ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հատկանիշներով: Դատախազությունը, ակնարկելով «Ազատեկգոլդ» ՓԲԸ-ին, հայտնել էր, որ Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության պաշտոնատար անձինք, իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով եւ անտեսելով օրենքի պահանջները, 2009-ի ապրիլին հանքարդյունաբերման լիցենզիայի պայմանագիր են կնքել ՓԲԸ-ի հետ: 2011-ի մարտին վերջինիս շահագործման իրավունքը դադարեցվել է պայմանագրային պարտավորություններն ու օրենսդրության պահանջները խախտելու պատճառաբանությամբ, ինչից հետո նախարարության պաշտոնյաները, չարաշահելով իրենց դիրքն ու հիմք ընդունելով փաստացի ուժը կորցրած շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության եզրակացությունը եւ վերջինիս վերաբերյալ ԲՆ-ի տված անհիմն պաշտոնական պարզաբանումը, առանց տեխնիկական անվտանգության փորձաքննության եզրակացության, 2012 թ. նոյեմբերին հանքավայրի շահագործման իրավունքը տվել են մեկ այլ ՍՊԸ-ի: Դատախազությունն այստեղ նկատի է ունեցել «ՎայքԳոլդին»:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:
–00—ՅՄ