Արդեն քանի օր է՝ հեղուկ գազով բեռնատարները չեն կարողանում մտնել ՀՀ. հեղուկ գազի գինը բարձրացել է

13/07/2025 19:30 Ներքին կյանք

Անհասկանալի իրավիճակ է ստեղծվել Ռուսաստանից հեղուկ գազ ներկրող բեռնատարների պարագայում։ Արդեն որերորդ օրն է՝ խոչընդոտվում է վրացական անցակետում տասնյակ գազատարների մուտքը Հայաստան։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Ստեղծված իրավիճակում հայկական կողմը պետք է անհապաղ քայլեր ձեռնարկեր՝ պարզելու, թե ինչով է պայմանավորված Վրաստանի մաքսային ծառայությունների նման պահվածքը։

Գազատարների վարորդներն ահազանգում են, որ ստեղծված պայմաններում գազի ճնշումը բարձրանում է՝ առաջացնելով արտահոսքի, պայթյունի վտանգ։

Պարբերական դարձած այսպիսի խոչընդոտները ահազանգ են հայ֊վրացական հարաբերությունների վատթարացման։

Սա հետևանքն է նաև պատկան մարմինների անգործության։ Ոչ կոմպետենտ կառավարման հետևանքով լրջագույն վնասներ է կրում արտահանման ոլորտը։

Վրաստանի եւ Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունների վատթարացման հետևանքով տուժում է տնտեսությունը։ Խնդիրներն առկա են նաև գյուղատնտեսական ապրանքների, ծաղկի արտահանման պարագայում, խոչընդոտվում է Վրաստանի տարածքով հայկական կոնյակի արտահանումը։

Ահռելի վնասներ են կրում ջերմոցային տնտեսությունները՝ ստիպված լինելով թափել ահռելի քանակության ծաղիկ:

Արդեն իսկ շեշտակի բարձրացել է հեղուկ գազի գինը՝ 120-ից հասնելով 180 դրամի:

Առաջին հայացքից տնտեսական թվացող խնդիրներն ունեն խորը քաղաքական հիմքեր:

Պատկան մարմինների անգործության պայմաններում շատ հաճախ տնտեսվարողները անձամբ մեկնում են Վրաստան՝ տեղում փորձելով լուծել խնդիրը:

Այսպիսի ապաշնորհ քաղաքականության հետևանքը լինելու է կործանարար։ Սա մեր պետության հեղինակության հարցն է նաև։ Արժապատվությունից զուրկ իշխանությունների իրականացրած անհեռատես քայլերի հետևանքով տուժելու են կրկին ՀՀ քաղաքացիները։

_00_ՄԱ