Ֆրանսիայի Սենատի նախագահը վերահաստատել է Հայաստանին Ֆրանսիայի աջակցության պատրաստակամությունը
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 13, 24News

Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունից հայտնում են, որ աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ֆրանսիայի Հանրապետության Սենատի նախագահ Ժերար Լարշեի հետ:
«Ալեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել Ֆրանսիային Հայաստանի տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության պաշտպանության, տնտեսական զարգացման, դիմակայության ամրապնդման հարցերում անսասան աջակցության համար` նշելով, որ Հայաստանում բարձր են գնահատում եղբայրական Ֆրանսիայի քայլերը:
Ժերար Լարշեն իր հերթին վերահաստատել է Հայաստանին Ֆրանսիայի շարունակական աջակցության պատրաստակամությունը:
Զրուցակիցների քննարկումների առանցքում են եղել Հայաստան-Ֆրանսիա, Հայաստան-ԵՄ հարաբերություններին եւ Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումներին վերաբերող հարցերը: Առանձին անդրադարձ է կատարվել նաեւ տարածաշրջանային իրավիճակին եւ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնագրի ստորագրման անհրաժեշտությանը վերաբերող հարցերին»,-ասված է հաղորդագրության մեջ։
—00—ՄԱ