ԱՌԱՆՇԱՀԻԿՆԵՐԻ ԱՐՑԱԽԸ՝ ՀԱՅ ՄՆԱԼՈՒ ՊԱՅՔԱՐՆ ԱՐՑԱԽՈՒՄ. Արցախի պատմությունը՝ մաս 3-րդ

13/07/2025 15:07 Ներքին կյանք

Վաղմիջնադարյան Արցախը հայոց ինքնության հենասյուներից է: Բնավ պատահական չէ, որ հայերեն գրերի տարածմանը վերաբերող աղբյուրներում հանգամանորեն խոսվում է նաև Հայոց Արևելից կողմանց գավառների մասին։ Կորյունը վկայում է, որ Մեսրոպ Մաշտոցը Հայոց Արևելից գավառներում ոչ միայն գիր ու դպրություն էր տարածում, այլև զբաղվում էր քարոզչական գործով։ Հենց այստեղ` Արցախի Հաբանդ գավառի Ամարաս գյուղաքաղաքում, ըստ ավանդության, Մեսրոպ Մաշտոցը հիմնադրել է առաջին հայկական դպրոցներից մեկը։

Հետաքրքիր է նաև 5-րդ դարի Վարդանանց պատերազմի ժամանակ Արցախի նշանակությունը: Երկար դարեր 450 թվականի Խաղխաղի ճակատամարտը հայ պատմագրության մեջ ներկայացվել է որպես հայ-աղվանական միացյալ ուժերի կռիվ ընդդեմ պարսիկների։ Մինչդեռ նորահայտ փաստերի ուսումնասիրությունը վկայում է, որ Վարդան Մամիկոնյանն իր զորագնդով ոչ թե աղվաններին է օգնության գնացել, այլ պարզապես Հայոց Արևելից գավառների, այդ թվում՝ Արցախի իշխաններին, որոնց տիրույթներն էին մտել պարսիկները եւ փորձում էին կրոնափոխել տեղի հայությանը։

Չնայած ծանր փորձություններին, Արցախի հայությունը Վարդանանց պատերազմի արդյունքում կարողացել է պահպանել իր ազգային ու քրիստոնեական ինքնությունը, ինչի արդյունքում Կուրի աջափնյա  Արցախ և Ուտիք նահանգների Առանշահիկ հայ իշխանական տոհմը վեր է խոյանում և թագավորություն  հռչակում: Հենց Առանշահիկներն էլ ղեկավարել են Արցախի հայության հակապարսկական, ապա նաև հակաարաբական ու հակաթյուրքական ընդվզումները և դիմադրական շարժումները:

«Արցախի պատմությունը» նախագծի երրրորդ մասը (ԱՌԱՆՇԱՀԻԿՆԵՐԻ ԱՐՑԱԽԸ՝ ՀԱՅ ՄՆԱԼՈՒ ՊԱՅՔԱՐՆ ԱՐՑԱԽՈՒՄ) ամբողջությամբ՝ տեսանյութում։