Վիճաբանություն՝ Բջնի գյուղում. հայտնաբերվել են արնանման հետքեր

13/07/2025 13:05 Ներքին կյանք

Երեկ՝ հուլիսի 12-ին, վիճաբանություն և դանակահարություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 20:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի մարզային քրեական վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Չարենցավանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Բջնի գյուղի «Դեպի ճամբար» հատվածում վիրավոր քաղաքացի կա։

Այս մասին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը։ Մինչ կժամանեին քրեական, համայնքային ոստիկաններն ու պարեկները, «Չարենցավան» բժշկական կենտրոնից ոստիկանության Չարենցավանի բաժին ահազանգ է ստացվել, որ ժամը 21:00-ի սահմաններում շտապօգնության բժիշկների խումբը «կրծքավանդակի շրջանի բազմակի ծակած վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացու։

Քրեական ու համայնքային ոստիկանները պարզել են, որ վիրավորը Կոտայքի մարզի բնակիչ 39-ամյա Սարմեն Թ.ն է։Մինչ բժիշկները պայքարում էին նրա կյանքի համար, քրեական և համայնքային ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ նույն օրը ժամը 20:10-ի սահմաններում անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ Կոտայքի մարզի բնակիչ 33-ամյա Կոլյա Մ.-ն Բջնի գյուղի 1-ին փողոցում՝ դեպի Հրազդան քաղաք ընթանալիս, իրեն պատկանող «Nissan» մակնիշի ավտոմեքենայի մեջ իր մոտ եղած դանակով հարվածել է Սարմեն Թ.-ին։

Դեպքի փաստով Չարենցավանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ կասկածյալ Կոլյա Մ.-ին և հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ։

—00—ՄԱ