Գանձայում տեղի է ունեցել Տերյանի վերականգնված տուն-թանգարանի բացման պաշտոնական արարողությունը

13/07/2025 10:54 Ներքին կյանք

Վահան Տերյանի ծննդավայր Գանձայում տեղի են ունեցել մեծանուն բանաստեղծի վերականգնված տուն-թանգարանի բացման պաշտոնական արարողությունը, ավանդական «Տերյանական օր» և Վահան Տերյանի 140-ամյակին նվիրված մշակութային միջոցառումները։ Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ում։

Ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Վրաստանի մշակույթի նախարար Թինաթին Ռուխաձեն, պետական, հասարակական և մշակութային ոլորտների ներկայացուցիչներ, բարերարներ, տերյանական պոեզիայի սիրահարներ։

Ողջունելով ներկաներին՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, մասնավորապես, նշել է․

«Մշակույթը միավորում է մարդկանց, և այսօր դա տեսանելի է։ Տերյանի պոեզիան համամարդկային արժեք է․ նա խոսում է այն ամենի մասին, ինչը կարևոր է յուրաքանչյուրիս համար։ Վերաբացված թանգարանը տալու է նոր հնարավորություններ՝ ուսումնասիրելու Տերյանի արվեստը, առնչվելու նրա հավերժական ներկայությանը։ Տերյանի արվեստի բոլոր սիրահարները նորովի կբացահայտեն այն միջավայրը, որում ապրել և ստեղծագործել է Տերյանը»։

Նախարարն ընդգծել է նաև, որ ցուցադրության արդիականացման նպատակով ԿԳՄՍ նախարարությունը դրամաշնորհներ է հատկացրել, իսկ նոր տեխնոլոգիաների կիրառմամբ թանգարանում ստեղծվել է հետաքրքիր ինտերակտիվ միջավայր, որն այցելուներին թույլ է տալիս դիտելու բանաստեղծի կյանքի որոշ դրվագներ։

Ժաննա Անդրեասյանը կարևորել է միջոցառումը նաև Հայաստանի և Վրաստանի միջև մշակութային համագործակցության ամրապնդման համատեքստում՝ նշելով, որ համատեղ միջոցառումները խթանում են երկխոսությունը։

«Սա մեր երկրների միջև մշակույթի ոլորտում հաջող համագործակցության հրաշալի վկայություն է։ Վստահ եմ, որ շարունակելու ենք առաջ շարժվել՝ մեր ժողովուրդների դարավոր բարեկամությունն ու եղբայրությունն ամրապնդելով նոր նախաձեռնություններով ու ծրագրերով»,-ասել է նախարարը։

Նա շնորհակալություն է հայտնել նախաձեռնության հեղինակներին ու կազմակերպիչներին՝ համոզմունք հայտնելով, որ թանգարանում ստեղծված միջավայրն անտարբեր չի թողնի ինչպես Հայաստանի և Վրաստանի քաղաքացիներին, այնպես էլ զբոսաշրջիկներին, որոնք Գանձա այցելելու բազմաթիվ առիթներ կունենան։

Վրաստանի մշակույթի նախարար Թինաթին Ռուխաձեն ևս ողջունել է ներկաներին և կարևորել երկու երկրերի մեջ ձևավորված համագործակցությունը՝ նշելով, որ մշակույթը չունի տարաձայնություններ և առանձնահատկություններ.

«Մշակույթը բխում է բոլորի սրտից և կարող է ոգեշնչել բոլորին՝ անկախ ազգությունից և լեզվից»:

Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպան Աշոտ Սմբատյանի ընդգծմամբ՝ ընդունված է ասել՝ մշակույթը սահմաններ չի ճանաչում՝ առավել ևս հայ և վրացի ժողովուրդների դարավոր բարեկամության համար:

«Այսօր մեզ հաջողվեց Վահան Տերյանի 140-ամյակն այսչափ շքեղ և մարդաշատ տոնել նրա հայրենի գյուղում։ Կարծում եմ՝ տերյանական շունչն այսօր ևս մեկ անգամ սփռված էր Գանձայում։ Մենք պարտավոր ենք նրա թողած հարուստ ստեղծագործական ժառանգությունը սերնդեսերունդ փոխանցել, իսկ փոխանցելու ճանապարհներից մեկն էլ սա է»,- նշել է դեսպանը:

Վ․ Տերյանի տուն-թանգարանը վերականգնել է «Ջավախքին աջակցություն» հիմնադրամը՝ բարերարների աջակցությամբ։ Հիմնադրամի տնօրեն Սամվել Մկոյանի խոսքով՝ իրենց առաքելություններից է Ջավախքի հասարակական ոլորտների զարգացումն ու հայ-վրացական հարաբերությունների ամրապնդումը։

Միջոցառման շրջանակում հյուրերը նաև ծաղիկներ են խոնարհել Վահան Տերյանի կիսանդրու մոտ, ապա շրջայց են կատարել վերականգնված տուն-թանգարանում։ Տերյանական օրը շարունակվել է համերգային տոնախմբությամբ։

—00—ՄԱ