Արամ Ա․ Վեհափառը շարունակում է հետաքրքրվել Քեսապի շուրջ ծայր առած հրդեհի հետևանքներով

12/07/2025 22:18 Ներքին կյանք

Արամ Ա․ Վեհափառը շարունակում է հետաքրքրվել Քեսապի շուրջ ծայր առած հրդեհի հետևանքներին, հայտնում են Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունից։

«Այսօր՝ Շաբաթ, 12 Յուլիս 2025-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը զանազան առիթներով կապ պահեց Քեսապի հոգեւոր հովիւ Հոգեշնորհ Տ. Եսայի Վրդ. Էօրտէքեանի հետ, որպէսզի իրազեկ դառնայ հրդեհին առնչուած վերջին զարգացումներուն մասին:

Գոհունակութեամբ կը հաստատենք, որ կրակը կարելի եղած է լայն չափով մարել եւ զայն հեռացնել Տիւզաղաճէն:

Այս առիթով Վեհափառ Հայրապետը իր բարձր գնահատանքը յայտնեց հայր սուրբին, եկեղեցւոյ թաղականութեան եւ գիւղի երիտասարդներուն, որոնք հրշէջներու կողքին իրենց գործօն մասնակցութիւնը բերած են Քեսապ մօտեցող հրդեհի կասեցման:

Յայտնենք նաեւ, որ հրդեհի կասեցման օգտակար եղած են Քաթարէն հասած հրշէջներ եւ յատուկ կազմեր»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Տեսանյութը՝ հղմամբ։

–00—ՍՊ