Վիճաբանություն և ծեծկռտուք՝ «Բիթլզ փաբ»-ի մոտ. կա վիրավոր

12/07/2025 12:33 Ներքին կյանք

Այսօր՝ հուլիսի 12-ին, վիճաբանություն, ծեծկռտուք և դանակահարություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 02:10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում հերթապահ օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Պուշկինի փողոցում՝ «Բիթլզ փաբ»-ի մոտ, մի խումբ անձանց միջև վիճաբանություն է տեղի ունեցել և կա վիրավոր:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Երվանդ Նիկոյանի գլխավորությամբ:

Տեղում ոստիկաններն ու պարեկները հայտնաբերել են մի վիրավոր քաղաքացու, ում օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղում առաջին բուժօգնությունն է ցուցաբերել, ապա «պարանոցային խոշոր անոթի վնասվածք» ախտորոշմամբ նրան տեղափոխել են Հերացու անվան 1-ին համալսարանական հիվանդանոց:

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:  Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի հանգամանքները և մասնակիցների ինքնությունը պարզելու, նրանց և հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ:

—00—ՄԱ