Հրազդանում կոտրել են «Ucom» ընկերության գրասենյակի դռան ապակին և գողություն կատարել

12/07/2025 11:12 Ներքին կյանք

Այսօր՝ հուլիսի 12-ին, գողության դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 08:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչութան Հրազդանի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի Զորավար Անդրանիկի պողոտայի 141/1 հասցեում գործող «Ucom» ընկերությունը թալանել են:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Հրազդանի բաժնի հերթապահ խումբը՝ բաժնի պետ Զորիկ Ավդիշոևի գլխավորությամբ: Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վահագն Կարապետյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի և օրվա պատասխանատու, գումարտակի հերթապահ ծառայության պետ Արտակ Դիլոյանի գլխավորությամբ:

Տեղում պարզվել է, որ անհայտ անձը կամ անձինք կոտրել են «Ucom» ընկերության գրասենյակի դռան ապակին, մտել ներս և այնտեղից գողություն են կատարել:  Ըստ նախնական տեղեկությունների՝ հափշտակել են բջջային հեռախոսներ:  Դեպքի փաստով ոստիկանության Հրազդանի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք հնարավոր է փոխանցվեն ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն: Հրազդանի ոստիկանները պարզում են՝ ինչքան վնաս է պատճառվել «Ucom» ընկերությանը:

—00—ՄԱ