Վրաստանի պաշտոնակցի հետ հանդիպմանը Ժաննա Անդրեասյանը կարևորել է ծրագրերի ընդլայնման հնարավորությունը

12/07/2025 10:22 Ներքին կյանք

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Վրաստան կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է Վրաստանի մշակույթի նախարար Թինաթին Ռուխաձեին։ Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։ Հանդիպմանը մասնակցել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը և Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը։

Շնորհակալություն հայտնելով հրավերի համար՝ Ժաննա Անդրեասյանը կարևորել է երկու պետությունների միջև բարեկամական սերտ համագործակցությունը, ինչպես նաև մշակույթի ոլորտում համատեղ ծրագրերի ընդլայնման հնարավորությունները: ԿԳՄՍ նախարարը կարևորել է նաև երկու պետություններում կազմակերպվող մշակութային միջոցառումները, որոնց շրջանակում 2025 թվականի հունիսի 5-7-ը Հայաստանում կայացան Վրաստանի մշակույթի օրերը:

Ժաննա Անդրեասյանն ընդգծել է հուլիսի 12-ին Գանձա գյուղում Վահան Տերյանի տուն-թանգարանի վերաբացման կարևորությունը՝ շեշտելով, որ բացման արարողությանը համատեղ մասնակցությունը Հայաստան-Վրաստան մշակութային կապերի ամրապնդման խթան կհանդիսանա։

Հանդիպման ավարտին երկու երկրների նախարարությունների միջև ստորագրվել է ծրագիր՝ մշակույթի բնագավառում 2025-2027 թթ. համագործակցությունը շարունակելու վերաբերյալ։ Կողմերը կխրախուսեն երկու երկրների համապատասխան հաստատությունների և կազմակերպությունների միջև տեղեկությունների և մասնագետների փոխանակումը, ինչպես նաև գրականության, թատրոնի, կինեմատոգրաֆիայի, երաժշտության, կերպարվեստի, թանգարանների, գրադարանային գործի, հրատարակչության, հուշարձանների և ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության բնագավառներում համագործակցությունը։

Կխրախուսվեն փոխադարձ մասնակցությամբ կազմակերպվող մշակութային միջոցառումները, այդ թվում՝ երաժշտական, ֆիլմերի, պարարվեստի և թատերական փառատոների, մրցույթների և աշխատաժողովների կազմակերպման միջոցով։

Նախատեսվում է դիտարկել նաև 2026 թվականին Վրաստանում Հայաստանի մշակույթի օրեր անցկացնելու հնարավորությունը։ Հաշվի առնելով երկրների առաջնահերթությունները՝ կողմերը կհամագործակցեն նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի և այլ միջազգային կազմակերպությունների իրավասության ներքո գտնվող հարցերի, «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի, ինչպես նաև Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից ֆինանսավորվող այլ ծրագրերի շրջանակում։

Այցի շրջանակում Ժաննա Անդրեասյանն այցելել է նաև Վրաստանի ազգային թանգարան։

—00—ՄԱ