Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից, Երուսաղեմի պատրիարքությունից ներկայացուցիչները՝ Մատենադարանում

11/07/2025 19:41 Ներքին կյանք

Արդեն երկրորդ անգամ Հայագիտական միջազգային կոնգրեսի շրջանակում տեղի է ունենում հոգևոր-ձեռագրական կենտրոնների ներկայացուցիչների և ՀՀ պետական մարմինների ղեկավարների հանդիպումը։ Ինչպես 2024 թ.-ին, այնպես էլ այս տարի հանդիպման օրակարգում էին հոգևոր-ձեռագրական կենտրոնների հետ գործնական կապերի խորացումը, պետական աջակցության ուղղությունների և ձևաչափերի որոշումը։

Քննարկմանը մասնակցել են Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության «Կիլիկիա» Մատենադարանի մատենադարանապետ Գերաշնորհ Տեր Շահան Արքեպիսկոպոս Սարգիսեանը, Զմմառու Պատրիարքական Կղերի Միաբանության Մայրավանքի Փոխմեծաւոր,մատենադարանի և թանգարանի տնօրեն Հայր Նարեկ վրդ. Լուիսեանը, Երուսաղեմի Հայոց պատրիարքության Սբ. Թեոդորոս ձեռագրատան ու Հելեն և Էդվարդ Մարդիկյան թանգարանի տնօրեն Հոգեշնորհ Տեր Արշակ աբեղա Ղազարյանը, Վենետիկի Մխիթարյան Միաբանության ձեռագրերի պատասխանատու Հոգեշնորհ Տեր Վահան ծայրագույն վարդապետ Օհանեանը, Վիեննայի Մխիթարյան Միաբանության գիտաշխատող և փոխգրադարանապետ Հոգեշնորհ Հ. Վահան ծ. վրդ. Յովակիմեանը, ինչպես նաև Մշակութային արժեքների փորձագիտական կենտրոնի տնօրեն Եսթեր Աբրահամյանը և ՀՀ ՊԵԿ վարչարարության, մեթոդաբանության և ընթացակարգերի վարչության պետի տեղակալ Լիլիթ Մովսիսյանը։

Ելնելով այն հանգամանքից, որ ակտիվանալու է համագործակցությունը կենտրոնների ձեռագրերի վերականգնման և համատեղ ցուցադրությունների ոլորտում, Մատենադարանի տնօրինության նախաձեռնությամբ տրվել են համակողմանի պարզաբանումներ գրավոր կոթողների տեղաշարժերի ընթացակարգերի վերաբերյալ։

Հիշեցնենք, որ նախորդ տարվա քննարկման արդյունքներով մեկնարկել են ձեռագրերի թվայնացման աջակցության, հաստատվել են համատեղ ցուցադրությունների ծրագրերը։

–00—ՍՊ