Պարգևատրում՝ ոստիկաններին՝ «նվիրումի ու պրոֆեսիոնալիզմի համար»
11/07/2025 19:18
Ներքին կյանք
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 11, 24News

Հուլիսի 11-ին ՆԳՆ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը պարգևներ է հանձնել Քրեական ոստիկանության գլխավոր վարչության մի շարք ծառայողների։
Ոստիկանության 13 սպաներ իրավապահ գործընկեր կառույցների հետ արդյունավետ համագործակցելու, ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու, ինչպես նաև մասնագիտական հմտությունները պատշաճ դրսևորելու համար պարգևատրվել են ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի, ոստիկանության պետ Արամ Ղազարյանի, Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանի, Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանի հրամաններով։
Արամ Ղազարյանը բարձր է գնահատել ծառայողների ցուցաբերած նվիրումն ու պրոֆեսիոնալիզմը՝ ընդգծելով, որ պարգևները ոչ միայն գնահատանք են կատարած աշխատանքի համար, այլև առավել արդյունավետ, նպատակային և պատասխանատու ծառայելու խթան։
Նա հատկապես կարևորել է հանցավորության դեմ պայքարում իրավապահ տարբեր մարմինների միջև համակարգված և փոխշահավետ համագործակցությունը՝ նշելով, որ նման մոտեցմամբ արդյունքները դառնում են առավել շոշափելի։
–00—ՍՊ