«Թամարա ֆուդ»-ի մսամթերքի բոլոր նմուշներում հայտնաբերվել են խախտումներ․ ՍԱՏՄ

11/07/2025 18:07 Ներքին կյանք

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել «Թամարա ֆուդ» ՍՊԸ-ին պատկանող մսամթերքի արտադրամասում (Կոտայքի մարզ, ք․ Աբովյան)։

Ստուգման ընթացքում լաբորատոր փորձաքննության են հանձնվել նմուշներ մսամթերքի առկա արտադրատեսակներից։

Ուսումնասիրությամբ բոլոր նմուշներում հայտնաբերվել են խախտումներ.  «Խինկալի խորը սառեցված» (արտադրված՝ 26․06․2025) արտադրատեսակի նմուշը՝ «Բորբոսասնկեր», «Պելմենի ընտանեկան» (արտադրված՝ 12․06․2025) և «Իշլի քյուֆթա» (արտադրված՝ 01․07․2025)  արտադրատեսակների նմուշները՝   «Listeria monocytogenes», «Մսով լցոնված բլինչիկ» (արտադրված՝ 27․06․2025) արտադրատեսակի նմուշը՝ «ՄԱՖԱնՄՔ» (մեզոֆիլային աերոբ և ֆակուլտատիվ անաերոբ միկրոօրգանիզմների քանակություն)  և «ԱՑԽՄ» (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ), ցուցանիշներով չեն համապատասխանել Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին (ապրանքանիշը՝ «Tamara food»):

«Թամարա ֆուդ» ՍՊԸ-ի մսամթերքի արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ նշված արտադրատեսակների արտադրությունը, կասեցվել է մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը:

Ընկերությանը տրվել է խմբաքանակների իրացումն արգելելու, շուկայից հետ կանչելու, ոչնչացնելու կամ օգտահանելու մասին կարգադրագիր:

–00—ՅՄ