Դանակահարություն գազալցակայանում․ 29-ամյա երիտասարդը ձերբակալվել է

10/07/2025 17:29 Ներքին կյանք

Հուլիսի 6-ին՝ ժամը 21․43-ին, ոստիկանություն հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել Արագածոտնի մարզի Ծաղկաշեն գյուղի բնակիչ 28-ամյա երիտասարդ:

Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության և Համայնքային ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ժամը 21.30-ի սահմաններում Պռոշյան գյուղի 5-րդ փողոցում գտնվող գազալցակայանում վիճաբանություն է եղել պռոշյանցի 49-ամյա տղամարդու և գազալցակայանի աշխատակիցների միջև, ինչից հետո գազալցակայան է եկել 49-ամյա տղամարդու 29-ամյա որդին և դանակով հարվածել 28-ամյա երիտասարդին՝ առողջությանը պատճառելով ծանր վնաս:
Նախաձեռնվել է քրեական վարույթ:

Կոտայքի մարզի Պռոշյան համայնքի բնակիչ 29-ամյա երիտասարդի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։ Նա հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել է Նաիրիի քննչական բաժին:

Կատարվում է նախաքննություն:

—00—ՄԱ