Վեհափառն իր գնահատանքն է հայտնել հոգևոր հայրերին՝ կարևորելով ուխտագնացությունները այս դժվար շրջանում
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 10, 24News

Հուլիսի 10-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի Բոստոնի Սուրբ Երրորդություն եկեղեցու ուխտավորներին և թեմի Հայաստան ծառայության ծրագրի պատանի մասնակիցներին՝ առաջնորդությամբ Տ․ Վազգեն քահանա Կուզույանի և Տ․ Թադեոս քահանա Բարսեղյանի։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգից:
Հայցելով Վեհափառ Հայրապետի օրհնությունը՝ քահանա հայրերը նշեցին, որ ուխտավորները Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին են այցելել իրենց ուխտը վերանորոգելու և Հայրենիքի հետ կապը զորացնելու առաքելությամբ։
Նորին Սրբությունը, իր հայրական օրհնությունը բերելով ներկաներին, գոհունակությամբ ընդգծեց ուխտավոր հայորդիների կողմից Հայրենիքի և Մայր Եկեղեցու հանդեպ դրսևորվող անկեղծ նվիրումն ու սերը։ Այս առնչությամբ Վեհափառ Հայրապետն իր գնահատնքը հայտնեց հոգևոր հայրերին՝ կարևորելով նմանօրինակ ուխտագնացությունների կազմակերպումը, հատկապես երկրի համար այս դժվարին ժամանակաշրջանում։
Հանդիպմանն Ամենայն Հայոց Կաթողիկոսն անդրադարձավ նաև սփյուռքահայ երիտասարդների համար Մայր Աթոռում կազմակերպվող կրթական ծրագրերին, որոնց նպատակն է զորացնել վերջիններիս հայոց լեզվի և պատմության իմացությունն ու հոգևոր գիտելիքները, ինչպես և հայրենասիրական ոգին ու ազգային գիտակցությունը։
Վեհափառ Հայարապետը ուխտավորներին հորդորեց իրենց զավակներին խրախուսել մասնակցելու վերոհիշյալ դասընթացներին, որոնք լինելու են շարունակական։
Հանդիպմանը Հայոց Հովվապետը պատգամեց ներկաներին հավատքով զորացած վերադառնալ իրենց համայնքները և նախանձախնդրորեն մասնակից լինել Եկեղեցու հոգևոր ու ազգապահպան առաքելության իրականացմանը։
–00—ՅՄ